«Շատ ճիշտ են անում՝ սահմանափակում են, այդ ուտող-խմողներն էլ թող գնան պատվաստվեն, ի՞նչ է եղել որ». Արարատ Մկրտչյան

 «Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Առողջապահության նախկին նախարար Արարատ Մկրտչյանը

-Պարո՛ն Մկրտչյան, Առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումների համաձայն հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին  քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: Սահմանափակումներն ուժի մեջ կմտնեն հունվարի 1-ից։ Ինչպե՞ս եք գնահատում այս որոշումն ու չե՞ք կարծում, որ այս սահմանափակումն ուշացած է։

-Ժամանակին է ու շատ ճիշտ են անում։ Բազմաթիվ երկրներում, երբ քովիդով վարակվածների թիվն ավելանում է, ձեռնարկում են նոր սահմանափակումներ, երկրներ կան, որոնք ամբողջովին փակվում են, որպեսզի վարակի հետագա տարածումը հնարավորինս կարողանան կանխել։ Այս կամ այն սահմանափակման համար ճիշտ կամ սխալ ժամանակ որոշել չես կարող։

Կարծում եմ՝ նախարարությունը սպասում էր, որ բնակչությունը որոշակի մոտեցում կդրսևորի պատվաստումների նկատմամբ և կգնա պատվաստվելու, բայց, դժբախտաբար, մարդիկ չմոբիլիզացվեցին՝ տուրք տալով տարբեր հակաքարոզչության։

Պատվաստումների ցուցանիշը մեզ մոտ բավականին ցածր է՝ զարգացած երկրների համեմատությամբ, հետևաբար կառավարությունը՝ ի դեմս Առողջապահության նախարարության, պետք է որոշակի քայլեր ձեռնարկի, որպեսզի պատվաստման գործընթացում ընդգրկվածությունն ընդլայնվի։

-Կարծում եք այս սահմանափակումը կխթանի՞ պատվասումային գործընթացի ակտիվացմանը։

-Երևի թե կնպաստի, որովհետև որոշակի խստացումներ, երբ մտցվում են, մենք վարակվածների թվի նվազում ենք նկատում։ Օրինակ՝ դիմակների պարտադիր կրման պայմանն ու գործատուների կողմից պարտադիր պահանջվող կա՛մ պատվաստման թուղքը, կա՛մ ՊՇՌ թեստի բացասական պատասխանը նպաստեց, որ ունենանք պատվաստվողների թվի աճ ու նվացեցրեց վարակվածության ու դրա հետևանքով գրանցվող մահվան թվերը։

Պետք է և՛ հանրությունը, և՛ առողջապահական համակարգը մեկ ընդհանուր գծի մեջ լինեն ու միասին պայքարեն համավարակի դեմ։ Երկրագնդի վրա արդեն չորս միլիարդ մարդ պատվաստվել է, իսկ մեզ մոտ դեռ գրբացների ու չբերության տեսություններին են հղում անում։ Մյուս երկրներում ոչ ոք ոչինչ չի հասկանում, իսկ մենք ամենագիտակիցն ու իմաստունն ենք, չէ՞։

-Պարո՛ն Մկրտչյան, դիմակների պարտադիր կրման մասին եք ասում, բայց ոչ միայն բացօթյա, այլ նաև փակ տարածքներում մարդիկ դիմակ չեն կրում, չկա նաև համապատասխան վերահսկողություն, որպեսզի նոր սահմանափակումներն արդյունավետ լինի, ինչպիսի՞ վերահսկողություն պետք է իրականացվի համապատասխան մարմինների կողմից։

-Եկեք վերջապես մեկ բան հստակեցնենք, եթե ես չեմ հասկանում, որ պետք է դիմակ կրեմ, որ չհիվանդանամ, չգամ տուն իմ ընտանիքի անդամներին չվարակեմ, ի՞նչ անի կառավարությունը, ամեն քաղաքացու գլխին մեկ վերահսկո՞ղ դնի, մի՞թե մենք չունենք այդ գիտակցումը, թե՞  պետք է անպայման վերահսկեն մեզ։ Գիտակցության խնդիր է, ի՞նչը վերահսկեն։

Վերահսկում են, որքան կարողանում են, հիմա փողոցում այդքան մարդու հետևից քանի՞ ոստիկան վազի։ Ամեն մեկն ինքը պետք է գիտակցի ու մասնակցի այս պայքարի գործընթացին։ Տարրական բաները ողջ աշխարհն արդեն 1,5 տարի անում է, Հայաստանում ասում են՝ ինչո՞ւ չեն վերահսկում․ գիտակցել է պետք, ի՞նչը վերահսկեն։

-Ռեստորանների Ասոցիացիա ՀԿ-ն արդեն իր անհամաձայնությունն է հայտնել նախարարության այս որոշմնն ու նշել է, որ գործարարները կնախաձեռնեն հակազդեցության քայլեր։ Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը։

-Այս սահմանափակումը շատ-շատ երկրներում է կիրառվում, երբ համաճարակային իրավիճակն արդեն շատ է ծանրանում։ Մեր ռեստորանների տերերը թող հիշեն, որ երկու շաբաթ ու ավելի փակ էին, ու հիմա կառավարությունը ճանապարհ է գտել ոչ թե փակելու, այլ կանոնների պահպանմամբ՝ աշխատելու։

Այդ ուտող-խմողներն էլ թող գնան պատվաստվեն, ի՞նչ է եղել որ, եթե ռեստորանում, սրճարաններում ծախսելու հնարավորւթյուն ունեն՝ թող գնան ՊՇՌ թեստ անեն ու շարունակեն ուտել-խմել, ի՞նչ է եղել։

-Պարո՛ն Մկրտչյան, այս ընդվզումն ինչո՞վ եք բացատրում։

-Ըմբոստ ազգ ենք, առիթ ենք փնտրում, որ մեկը մի բան ասի, սկսենք հակառակվել։ Ասում եմ, թող նկատի ունենան, որ կառավարությունը հնարավորություն ունի մտցնել տոտալ լոքդաուն ու փակել ամեն ինչ, բայց գտել է տնտեսությունը չվտանգելու մեթոդ, ի՞նչն է խնդիրը։

Ռեստոորանների տերերը չե՞ն տեսնում քովիդի օրական տվյալները․ 30-50 հոգի մահանում են, մեր հայրենակիցներն ախր մահանում են, իրենք ասում են մեր բիզնեսը կտուժի։ Էլի եմ ասում՝ թող հիշեն երկու շաբաթ և ավելի տևած լոքդաունը, երբ ամբողջովին փակ էին, հիմա ընտրել են ավելի մեղմ տարբերակ, որ մեր քաղաքացիները գիտակցեն ու վերջապես գնան պատվաստվեն։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am