Փաշինյանին պետք է դնել երկընտրանքի առջև՝ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրում կամ հրաժարական. Սուրեն Սուրենյանց

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան էջում գրում է.

«Փաշինյանին պետք է դնել երկընտրանքի առջև՝ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրում կամ հրաժարական

Հայկական կողմի զոհերի և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի:
Այս ողբերգական պատկերն ընդամենը սեպտեմբերի 13- 14-ի երկօրյա էսկալացիայի, ադրբեջանական ագրեսիայի հետևանք է:
Անպատասխանատու մոտեցում կլինի տեղի ունեցածը բացատրել միայն թշնամու ագրեսիվ քաղաքականությամբ ու թեման փակել:
Մենք պետություն ու իշխանություն ունենք, որպեսզի պաշտպանի մեր սահմանների, քաղաքացիների անվտանգությունը:


Իշխանությունների վարած արտաքին քաղաքականության համար հատուցում է ժողովուրդը ու շատ հաճախ՝ իր զավակների կյանքերի գնով:
1997-98-ին, ըստ էության՝ պետական հեղաշրջման, ռազմական էլիտայի մակերեսային հայրենասիրական պատկերացումների հետևանքով՝ հայ ժողովուրդը կորցրեց արժանապատիվ խաղաղության հենքով փոխզիջումային լուծման հասնելու բացառիկ հնարավորությունը:


Ռոբերտ Քոչարյան- Սերժ Սարգսյան զույգի պաշտոնավարման քսան տարիներին ուժերի հարաբերակցությունը ու դիվանագիտական միջավայրը փոխվեցին ի վնաս Հայաստանի:
Հայաստանի քաղաքական էլիտայի համար դաս չեղավ անգամ 2016-ի Քառօրյա պատերազմը, որն ըստ էության՝ մեծ աղետի գույժն էր:
Երկրորդ շրջադարջը՝ 2018-ն էր:


Հեղափոխությունը իմաստ կամ բովանդակություն կունենար, եթե Նիկոլ Փաշինյանը վերակենդանացներ խաղաղության օրակարգը, իհարկե՝ 1998-ի համեմատ, շատ ավելի համեստ դիրքերով:


Փաշինյանը, սակայն, մնաց Քոչարյան- Սարգսյան գծի մեջ, «Տիգրան Մեծ» դառնալու մարմաջով մահվան դուռը տանելով հազարավոր լուսավոր տղաների, կորցնելով Արցախը, Հայաստանը կանգնեցնելով պետականություն ունենալ- չունենալու գոյաբանական երկընտրանքի առջև:


Հայաստանը դեռ կարող է պահպանել իր պետականությունը, տարածքային ամբողջականությունը, սահմանափակ ինքնիշխանությունը, եթե Նիկոլ Փաշինյանն՝ առանց հապաղելու, գնա խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ցավոտ զիջումներով, 44-օրյա պատերազմի հետևանքների փաթեթավորմամբ:


Այդ պարագայում՝ Փաշինյանը գուցե զրկվի իշխանությունից, բայց Հանրապետությունը կապրի, հակառակ պարագայում՝ գործող վարչապետի անունը կասոցացվի ոչ միայն 44-օրյա պատերազմի, այլև նոր «Ալեքսանդրապոլ 2»-ի հետ:


Այսօր պատասխանատու քաղաքական ուժերը Փաշինյանին պետք է դնեն երկընտրանքի առջև՝ Ադրբեջանի հետ պայմանագրի ստորագրում կամ հրաժարական:

Չպետք է թույլ տանք, որ
հերթական անգամ ադրբեջանական բանակը մեր հասարակությանը պարտադրի զիջումների օրակարգ՝ Փաշինյանին «փրկելով» «դավաճանի» խարանից»։