ՔՊ-ն վստահեցնում է՝ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարելու դեպքում ՄԻՊ հարցերով հանձնաժողովի նախագահի թեկնածու չի առաջադրի

Ազգային ժողովը քննարկեց Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանին զրկելու հարցը։ Արդեն մեկնարկել է Թագուհի Թովմասյանի՝ որպես Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցման մասին նախագծի փակ գաղտնի քվեարկությունը։

 «Արմենպրես»ի  փոխանցմամբ՝ ԱԺ արտահերթ նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հեղինակած նախագիծը ներկայացրեց պատգամավոր Հովիկ Աղազարյանը:

Պատգամավորը ներկայացրեց նման որոշման հիմնավորումները:

«ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի համաձայն՝ մշտական հանձնաժողովի նախագագի վրա դրվում են մի շարք պարտականություններ: Մասնավորապես՝ մշտական հանձնաժողովի նախագահը մասնակցում է ԱԺ խորհրդի նիստերին: Թագուհի Թովմասյանը, սակայն, 8-րդ գումարման ԱԺ-ի գործունեության ընթացքում կայացած 46 խորհրդի նիստերից մասնակցել է ընդամենը 8-ին՝ այսպիսով ըստ էության չկատարելով հանձնաժողովի նախագահի իր պարտականությունները: Խորհրդի նիստերին չմասնակցելը հանգեցրել է նրան, որ հանձնաժողովը ԱԺ խորհրդի  46 նիստերից 38-ին չի ունեցել ներկայացուցիչ՝ ի դեմս հանձնաժողովի նախագահի՝ այսպիսով զրկված լինելով ԱԺ լիագումար նիստերի օրաակարգի ձևավորմանը, ինչպես նաև խորհրդի լիազորությունների շրջանակում բազմաթիվ որոշումների կայացմանը: Սա վատթարացնող ազդեցություն է ունեցել հանձնաժողովի ընդհանուր գործունեության վրա»,-ասաց պատգամավորը:

Այսպիսով ըստ ՔՊ-ի՝ Թովմասյանը, հետևողականորեն չմասնակցելով ԱԺ խորհրդի նիստերին, խոչընդոտել է հանձնաժողովի լիարժեք և բնականոն գործունեությանը, խաթարել հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ զրկելով հանձնաժողովին օրենքով իրեն վերապահված իրավունքների լիարժեք իրացումից:

«Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը: Տարբեր դրվագներում Թագուհի Թովմասյանը չի պաշտպանել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված մարդու արժանապատվությունը այն ոտնահարող, նվաստացնող, վիրավորանք պարունակող հայտարարություններից: Ասվածը փաստող մի շարք տեսանյութեր առկա են հրապարակային բաց աղբյուրներում»,- ասաց Աղազարյանը:

Պատգամավորը շեշտեց՝ Թովմասյանի՝ հանձնաժողովի նախագահի լիազորությունների դադարեցաման մասին որոշման ընդունմամբ նպատակ ունի հետագայում ընտրել հանձնաժողովի նախագահի, որը կկատարի իր պարտականությունները հավուր պատշաճի, միաժամանակ կմասնակցի խորհրդի նիստերին:

Նա նաև տեղեկացրեց, որ, եթե որոշումն ընդունվի, ՔՊ-ն չի առաջադրելու թեկնածու այս հանձնաժողովի նախագահի տեղի համար, քանի որ, ըստ քվոտայի, այդ տեղը պատկանում է ընդդիմադիր խմբակցություններին, հետևաբար ՔՊ-ն պատրաստակամ է դիտարկել ընդդիմադիր խմբակցությունների կողմից առաջադրված ցանկացած թեկնածություն:

Այս հարցով հիմնական զեկուցողին չտրվեցին հարցեր, պատգամավորները ևս ելույթներով հանդես չեկան:

«Պատիվ ունեմ»-ը նիստին չէր մասնակցում, իսկ ընդդիմադիր մյուս՝ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դուրս եկան նիստերի դահլիճից, երբ սկսվեց այս հարցի քննարկումը:

Փակ գաղտնի քվեարկությունը մեկնարկել է ժամը 12:15-ին, կտևի մինչև 13:00-ն: