Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, և Թուրքիան աջակցում է այդ գործընթացին։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը։
Ինչպես հաղորդում է Anadolu գործակալությունը, Ֆիդանն այս մասին ասել է գործակալության «Խմբագիրների սեղան» ծրագրում՝ անդրադառնալով Թուրքիայի տարածաշրջանային անվտանգության և տնտեսական քաղաքականությանը։
«Կովկասում համաձայնությունից հետո, հուսով ենք, այժմ կա հրադադար, որը լավ է գործում։ Հայաստանն ու Ադրբեջանը շարժվում են դեպի մշտական խաղաղության համաձայնագիր, և մենք աջակցում ենք դրան։ Աջակցելով՝ մենք նաև անվտանգության և տնտեսական ճարտարապետության վերաբերյալ մեր տեսլականն ունենք»,- ասել է Ֆիդանը։
Նրա խոսքով՝ Թուրքիան ձգտում է տարածաշրջանային անվտանգության և տնտեսական համակարգերը ձևավորել ոչ թե «հեգեմոն մոտեցմամբ», այլ տարածաշրջանի երկրների հետ համագործակցությամբ։ Ֆիդանը նշել է, որ նման մոդելներ անհրաժեշտության դեպքում կարող են ձևավորվել նաև Կովկասում և Կենտրոնական Ասիայում։



















