Մեր կողքին ապրող մարդիկ. Ժորժը

Ժորժ Աբրահամյանը

Երևանից մոտ 30 կմ անցնելով՝ հասնում ենք Դվին գյուղ , որտեղ ապրում է իրանահայ լրագրող, թարգմանիչ Ժորժ Աբրահամյանը: Ժորժն աշխատել է Իրանի հանրային հեռուստաընկերությունում, ռադիոյում, մասնակցել իրանա-իրաքյան պատերազմին: 

Երևանից միասին գնացինք Արարատի մարզ, որտեղ արդեն տասներկու տարի կնոջ և տղայի հետ ապրում է Ժորժը: Դվին հասնելուն պես՝ նկատեցի, որ գյուղի տները բավական հետաքրքիր պատշգամբներ ունեն, որոնց փայտե բազրիքների նախշազարդերից կարելի էր կռահել անգամ տան տարիքը: Մի քանի ծուռումուռ փողոցներ անցնելուց հետո հայտնվեցինք դեղնակապույտ տան դիմաց: 

– Համեցե՛ք, սա էլ մեր տունը,- ասաց Ժորժն, ու ես գունավոր տան բակում նկատեցի Նարինեին՝ Ժորժի կնոջը, որի մասին ողջ ճանապարհին պատմում էր: 

Տուն մտնելուն պես աչքս գրավեցին պարսկական յուրատիպ մշակույթի տարրեր: Իրերն այնպես էին դասավորված, որ ակնարկում էին, թե տանտիրուհին որքան էսթետ է: Ու երբ նա ինձ հարցրեց, թե որտեղ եմ նախընտրում նստել սուրճ խմելու, ես շփոթվեցի, որովհետև բոլոր սենյակներն ինձ համար անսովոր հետաքրքրական էին: Հետնաբակում հայտնվելուց հետո հասկացա, որ, չէ՛, կռացած կեռասենիների ու թռչունների դայլայլի ուղեկցությամբ հարցազրույց անելը հրաշալի հնարավորություն է: 

– Ասում ես՝ ո՞նց որոշեցիք գյուղում ապրել: Լսո՞ւմ ես այս ձայները, սրանք ոչ մի բանի հետ չեմ փոխի, իսկ երբ տեսնում եմ, թե որքան դրական է ազդել Վահեի (որդին) վրա, հասկանում եմ, որ սրանից լավ չէր կարող լինել: 

Շուտով Նարինեն մեզ համար մի գեղեցիկ սեղան պատրաստեց ու նրբանկատորեն հեռացավ, որ մենք հանգիստ զրուցենք: 

Թեհրանում ծնված-մեծացած Ժորժն ասում է, որ Իրանում հայ համայնքը մեծ դեր է ունեցել և ունի պետության կյանքում: Ինքնության պահպանման խնդրի առջև կանգնած հայերը ոչինչ չեն խնայում, որպեսզի երեխաները սերտ հաղորդակցվեն ամեն հայկականի հետ՝ ամենալուրջ ուշադրության արժանացնելով հատկապես հայոց լեզվին: 

– Տանը, համայնքում, եկեղեցում հայերեն չխոսելու մասին խոսք լինել չի կարող: Իրանում հայ համայնքի համար ինքնություն պահելը բացարձակ արժեք է: Ասեմ ավելին՝ եթե հայը սիրահարվի պարսկուհու և որոշի կյանքը նրա հետ կապել, համայնքը կըմբոստանա և կապերը կխզի նրա հետ: 

– Հապա սերը՞,- միամտորեն հարցնում եմ ես՝ մարդ, որ ամբողջ կյանքում ինքնություն պահպանելու խնդիր չի ունեցել ու հավանաբար լրջորեն չի էլ մտածել դրա մասին, քանի որ այն շատ բնական մի բան է: 

Ժորժը ժպտում է ու բացատրում, որ սիրո և ինքնության միջև իրանահայերը երբեմն ստիպված են ընտրություն կատարելու: Հիմնականում հենց ինքնությունն էլ հաղթում է: 

Ժորժը վեց քույր ու եղբայր ունի, որոնցից Նվարդին վերջին անգամ տեսել էր վեց տարեկանում: Քույրը ամուսնու հետ խորհրդային տարիներին Իրանից տեղափոխվել էր Աբովյան քաղաք, ու քանի որ Խորհրդային Միության ու Իրանի միջև դիվանագիտական հարաբերություններ չկային, ընտանիքը Նվարդին չէր տեսել, հեռախոսով էլ զրուցել էր հազիվ երեք անգամ: Ժորժը հիշում է, որ երբ քույրն արդեն կարողացավ գալ Թեհրան, երկար իրար էին նայում՝ փորձելով գտնել միմյանց մեջ այն պատանիներին, որոնք իրարից ստիպված էին բաժանվել այդքան երկար տարի: 

– 1987 թվականին, երբ ընդունվեցի Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետ, հենց Նվարդենց տանն էի մնում: Հիշում եմ, որ մեկ շաբաթ շարունակ պարզապես ուր գնում էր, հետևում էի իրեն, ուզում էի լրացնել 20 տարուց ավելի դատարկ թողնված, մեզ բաժանած ժամանակը: 

Համալսարանում սովորելուց հետո Ժորժը մի քանի տարի ստիպված է եղել գնալ-գալ Իրան մինչև այն պահը, երբ 2004 թվականին որոշեց գալ ու հաստատվել Հայաստանում, որտեղ էլ ծանոթացավ ապագա կնոջ հետ: Ժորժն ու Նարինեն այնքան ներդաշնակ էին, որ դժվար էր հավատալ նրանց տարիքային տարբերությանը՝ 17 տարի: 

– Հայաստան եկա մեծ որդուս հետ, որը այստեղ պետք է կոնսերվատորիայում սովորեր: Ես ուզում էի, որ նա տեղում ծանոթանար հային ու ճանաչեր այս երկիրը: Իսկ հիմա Նարեկը շատ հայտնի երաժիշտ է Իրանում ու հաճախ է կնոջ հետ գալիս Հայաստան, ամուր կապ ունի երկրի հետ: 

Սկզբում դժվար էր որդու հետ միայնակ անդադար աշխատանք փնտրելով ապրելը, բայց քայլ առ քայլ ամեն բան տեղն ընկավ: Շուտով Իրանի հեռուստաընկերությունից առաջարկ ստացավ ռեպորտաժներ պատրաստել Հայաստանի մասին: Այստեղ Ժորժը սկսեց շփվել տեղացիների հետ, ձեռք բերել ընկերներ ու շուտով հասկացավ, որ գտել է իր տունը: 

– Երբեմն ինձ ասում են՝ հայաստանցիները (գլուխն է տարուբերում ու ասում, որ ատում է այս պիտակավորումը) շահամոլ են: Ես էլ ասում եմ՝ ա՜յ մարդ, այսքան տարի ապրում եմ այստեղ, ո՞նց որ այդ շահամոլներից որևէ մեկը ինձ չհանդիպեց: Իմ կյանքում հայտնվել են մարդիկ, որոնք նվիրված են, որոնք կողքիս են հայտնվում՝ դեռ բառ չասած: 

Ժորժն ու ընտանիքը որոշ ժամանակ ապրել են Երևանում, բայց այս քաղաքը չափազանց լիքն է տարատեսակ ձայներով, ցավոք, վերջին շրջանում նաև՝ հայհոյախառն փողոցային մշակույթով: Քաղաքից փախչելու ցանկությո՞ւնն էր, թե՞ հայի իրական տեսակին ճանաչելը՝ դժվարանում է ասել, բայց այն, որ Դվինում ամրացել են, նոր բաներ իմացել հայերի մասին, ավելի սիրել Հայաստանը, հաստատ է: 

– Երևանում հրաշալի մարդիկ կան, հարցը դա չէ, պարզապես երբ ինձ հարցնում ես, թե ուր կտանեմ օտարերկրացուն, որ ճանաչի Հայաստանը, ես ասում եմ՝ Դվին, որովհետև մեր գյուղում մեկը մեկից լավն են: Ո՛նց կարող եմ հարևանիս չասել՝ շնորհակալություն, որ կողքիս եք, ո՛նց կարող եմ մեր համագյուղացիներին, որ հարազատի պես կանգնած են մեր մեջքին, շնորհակալ չլինել: 

Ժորժը համեստորեն գովաբանում էր բոլորին, բայց ես այնպիսի ակնածանքով էի նրան լսում, որովհետև տեսնում էի, թե որքան գորովագութ է խոսում մի երկրի մասին, որ նրա գրքերում եղած հայրենիքն է, բայց որտեղ չի ծնվել ու չի մեծացել: Հայաստանում ապրող մարդկանցից շատերը, որ բոլոր բջիջներով պատկանում են այս հողին, հաճախ չունեն այն նույն պատասխանատվությունը, որ զգում է այս մարդը: 

– Մեր այս փոքրիկ հողի համար այնքան արյուն է թափվել, որ մենք ամեն կտորը պիտի դողալով պահենք: Պահել նշանակում է լավ կրթություն ունենալ, հոգ տանել երկրի մասին տան նման, որ ձեռքդ դողա աղբը նետելուց, որ ձեռքդ դողա մի վատ բան անելուց, որ հասկանաս, որ ամբողջ երկիրն է տունդ:

Ձեռքի աշխատանքներով զարդարված բակում Իրանից բերված շատ իրեր կային՝ լամպեր, գորգեր, աթոռակ-սեղաններ, ափսեներ, ու իմ մեջ տպավորություն էր, թե հայի տանն եմ, բայց մի տեսակ այլ, ինձ համար ոչ սովորական, սակայն հեշտ ընկալելի ու ընդունելի տեղում: 

– Մեր տանը ոչ միայն պարսկական իրեր են, այլ նաև կենցաղում գերակշռում է պարսկական խոհանոցը: Նարան հրաշալի պատրաստում է, ու մենք անդադար հյուրեր ենք ունենում, որոնք ոչ միայն գալիս են մեր տուն համեղ ուտելու, այլև բացահայտելու պարսկական հարուստ խոհանոցը: 

Ժորժն ամեն ամիս զբոսաշրջիկներ է տանում Իրան՝ ծանոթացնելու այդ բազմաշերտ ու հարուստ պատմամշակութային երկրին, որը թեև մեր հարևանն է, սակայն մենք այնքան քիչ բան գիտենք նրա մասին: 

– Մի ժամանակ պետհամալսարանում դաս էի տալիս և երբ հարցնում էի ուսանողներիս, թե ինչի՛ հետ են ասոցացնում Իրանը, ասում էին՝ հետամնացության, աղքատության: Դրա համար էլ որոշեցի տուրեր կազմակերպել դեպի Իրան ու ասեմ քեզ, երբ մարդիկ հայտնվում են այնտեղ, հասկանում են, որ, չէ՛, սա այլ երկիր է, որտեղ կանայք մեքենա էլ են վարում, գիտնական էլ են դառնում, պարզապես, այո՛, այս երկիրն ունի առանձնահատկություններ և նաև պատժամիջոցների տակ է գտնվում: 

Ի դեպ, Իրանում հայերի նկատմամբ ընդգծված հարգանք կա, որը զբոսաշրջիկներին զարմացնում ու հիացնում է: Ժորժն էլ փաստում է, որ եթե իմանում են՝ հայ ես, խոնարհվում են, որովհետև հայը իրանցու համար արժանապատվության, վեհության խորհրդանիշ է: 

Երբ հեռանում էինք ժորժենց տնից, նա հետևողական նայեց, թե արդյոք տանը լույս չկա՞ վառած. 

– Ինձ «լույսի մարդ» են ասում,- կատակեց նա, ու մի կուշտ ծիծաղեցինք,- Իրանի հանրային հեռուստաընկերությամբ իմ մանկության տարիներին մի երգ կար, որում ասվում էր, որ ավելորդ տեղը էներգիա չպետք է ծախսել: Դրա համար եմ ասում, որ կրթությունը կարևոր է, ու այն սկսվում է հեռուստատեսությունից, իսկ հիմա ասում են՝ ժամանց և վե՛րջ:

Սփյուռքից Հայաստան եկող մեր հայրենակիցները վերջին տարիներին մի ամբողջ մշակույթ փոխեցին մեր երկրում: Նրանց առանձնահատկություններն ու տարբերությունները ոչ միայն խոչընդոտ չեն, այլև հակառակը՝ հնարավորություն են շփվելու այդ մշակույթները կրողների հետ, սովորելու, լավը վերցնելու համար: Բայց, ամենակարևորը՝ դա հնարավորություն է մեզ և նրանց համար վերստին համոզվելու, որ Հայաստանն է մեր տունը, և այն սիրելն է, որ պետք է բացարձակ արժեք լինի յուրաքանչյուրիս համար: 

Կուշանե Չոբանյան

Լուսանկարներն անձնական արխիվից:

MediaLab.am