Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի հաղթողները

Հանրապետությունում վազքի և առողջ ապրելակերպի մասսայականացման, ինչպես նաև բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովման նպատակով Փարաքար-Էջմիածին մայրուղում այսօր անցկացվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարը, որին 3 տարիքային խմբով և առանձին գործող աթլետ մարզիկների խմբով շուրջ 1400 հոգի է մասնակցել:

Մրցաշարի փակման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանը և այլք:

Ողջունելով երկրորդ անգամ անցկացված «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին և հաղթողներին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Ժամանակները սովորական չեն, և շատ կարևոր է, որ այս ոչ սովորական ժամանակներում մենք կարողանում ենք նաև այսպիսի ոչ սովորական մրցաշարեր իրականացնել: Կարևոր է նաև այն, որ մեր ասելիքը ճշգրիտ և համարժեք լինի:

Մեր քայլքի, վազքի ճանապարհին մենք, ի հեճուկս ամեն ինչի, պետք է լինենք ավելի ու ավելի վճռական: Ժամանակ առ ժամանակ մենք կքայլենք, ժամանակ առ ժամանակ մենք կվազենք, ժամանակ առ ժամանակ մենք կանգ կառնենք՝ մտորելու մեր անելիքների մասին, բայց մեր ընթացքը ոչ մի դեպքում չպետք է կասեցվի: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին: Նկատեցի, որ մեր դպրոցականների մրցապայքարում մրցանակներն էականորեն պակաս են, բայց հենց մեր մրցանակակիրների պարգևատրումը մենք կհավասարեցնենք մյուս խմբերին: Հաճելի է նաև այն, որ օտարերկրյա քաղաքացիները ևս մասնակցում են մեր մրցաշարին»:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը նշել է՝ այս մրցաշարով եզրափակվում է այս տարվա «ՀՀ վարչապետի գավաթ» 5 մրցումներից բաղկացած մրցաշարերի փուլը: Դրանք բոլորն էլ, ԿԳՄՍ նախարարի տեղակալի փոխանցմամբ, անցել են շատ բարձր մակարդակով.

«Նախորդ տարի որոշակի խնդիրներ կային. դժգոհություններ կային այն առումով, որ մրցաշարին մասնակցում էին նաև գործող մարզիկներ: Այս մրցման կանոնակարգի համաձայն՝ մրցաշարին չեն կարող մասնակցել միայն պրոֆեսիոնալները, իսկ Հայաստանում 10 կմ վազող պրոֆեսիոնալ մարզիկ չունենք: Այսինքն՝ բոլորը կարող էին մասնակցել: Չնայած դրան՝ որոշեցինք առանձին խումբ ստեղծել, որում ընդգրկված կլինեն գործող մարզիկները, որպեսզի նրանք իսկապես չխանգարեն սիրողական վազքարշավի մասնակիցներին՝ դրսևորելու իրենց ունակությունները: Որևէ բողոք կամ դժգոհություն այս անգամ չի եղել: Այս տարի 5 մրցաշար անցկացրինք, որոնք բոլորն էլ անցան շատ բարձր մակարդակով: Դինամիկա կա նաև մասնակիցների թվի աճի հետ կապված»:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհակալագրեր է հանձնել մրցաշարի գործընկեր կազմակերպություններին, Էջմիածին համայնքի ղեկավար Դիանա Գասպարյանին, ինչպես նաև կանանց և տղամարդկանց՝ օտարերկրացիների պայքարում լավագույն արդյունք ցույց տված մասնակիցներին, որոնք ՌԴ քաղաքացիներ էին:

1-ին տարիքային խմբի ներկայացուցիչների՝ 2005-2007 թթ. ծնված դպրոցականների համար մրցաշարը մեկնարկել է Էջմիածնի Սուրբ Հռիփսիմե եկեղեցուն հարող տարածքից, իսկ 2-րդ և 3-րդ տարիքային խմբերի, ինչպես նաև առանձին գործող աթլետների խմբի ներկայացուցիչները մրցավազքը սկսել են Փարաքարի համայնքապետարանին հարող տարածքից և հաղթահարել են 10 կմ մրցատարածությունը:

Առաջին տարիքային խմբում ընդգրկվել են 15-17 տարեկան դպրոցական տղաներն ու աղջիկները, որոնք հաղթահարել են 2 կմ մրցատարածությունը: Դպրոցական տարիքի տղաների մրցապայքարում հաղթողի կոչումը նվաճել է Արման Տոնոյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Յուրա Բաբլումյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Գառնիկ Սարգսյանը: Նրանք բոլորն էլ Շիրակի մարզից են: Աղջիկների մրցապայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել Մարի Սարգսյանը՝ Գյումրիից, 2-րդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Գևորգյանը՝ դարձյալ Գյումրիից, իսկ երրորդ տեղը գրավել է Կարինե Մկրտչյանը՝ Արարատի մարզից:

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը պարգևատրել է 36 տարեկանից բարձր տարիքային խմբի կանանց մրցապայքարում հաղթող ճանաչված մասնակիցներին: Այս տարիքային խմբում հաղթողի կոչմանն արժանացել է Լիանա Հարությունյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Քրիստինե Միկոյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Քրիստինե Մուրադյանը: 41 տարեկանից բարձր տարիքային խմբի տղամարդկանց էլ պարգևատրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հաղթող է ճանաչվել Վարդան Սաղյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Գևորգ Թորոսյանը, իսկ երրրոդ տեղը՝ Սամվել Հովհաննիսյանը:

Մրցաշարին առաջին անգամ առանձին խմբով մասնակցել են նաև աթլետիկայով զբաղվող ՀՀ քաղաքացիները՝ առանց տարիքային սահմանափակման: Կանանց պայքարում հաղթողի կոչմանն ու 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Էլլադա Քոչարյանը՝ Վանաձորից: Երկրորդ տեղը զբաղեցրել է արցախցի Ալեքսանդրա Գալինսկին, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Մարտիրոսյանը՝ Կապանից: Տղաների պայքարում լավագույն արդյունքը ցույց է տվել վազորդ Երվանդ Մկրտչյանը, երկրորդ տեղը զբաղեցրել է Ռոման Ալեքսանյանը, իսկ 3-րդ տեղը գրավել է Բալաբեկ Հարությունյանը: Այս անվանակարգում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին պարգևատրել է ԿԳՄՍՆ սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը:

18-35 տարեկան կանանց պայքարում հաղթողի կոչումը նվաճել և 1 մլն դրամ մրցանակին արժանացել է Սառա Սպայթսը, որը ներկայացրել է Գյումրի քաղաքը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Ինեսա Վարդանյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակել է Լիանա Սիմոնյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

18-ից 40 տարեկան տղամարդկանց պայքարում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Հարություն Հարությունյանը՝ Գյումրիից: Երկրորդ տեղը զբաղեցրել է Անդրանիկ Մարգարյանը՝ Երևանից, իսկ լավագույն եռյակը եզրափակել է վանաձորցի Արմեն Օհանյանը: Նրանց պարգևատրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը խորհրդանշական նվերներ և պատվոգրեր է հանձնել մրցաշարի ամենատարեց մասնակիցներին՝ 70-ամյա Մանյակ Մարգարյանին և 81-ամյա Հակոբ Թութունջյանին:

2-րդ, 3-րդ խմբերում և առանձին գործող աթլետների խմբերում առաջին տեղը զբաղեցրած մասնակիցը ստացել է 1 մլն դրամ, երկրորդ տեղը՝ 600 հազար դրամ, 3-րդը՝ 400 հազար դրամ, 4-րդը՝ 150 հազար դրամ, 5-րդը՝ 100 հազար դրամ: 6-10-րդ տեղերը զբաղեցնողները կստանան 75 հազար դրամ, իսկ 11-20 տեղերը զբաղեցնողները՝ 50 հազարական դրամ մրցանակ: