Մեր միակ նպատակն է օգնել Հայաստանին և Ադրբեջանին տևական խաղաղության հասնելու հարցում. ԱՄՆ պետդեպի խոսնակ

ԱՄՆ-ն հավատարիմ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին, տարածաշրջանում ԱՄՆ-ի միակ նպատակն է օգնել երկու երկրներին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին վստահեցրել է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը՝ անդրադառնալով Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը:

Փրայսին հիշեցրեցին Զախարովայի հայտարարությունն առ այն, որ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում Վաշինգտոնի և Բրյուսելի իրական նպատակը ոչ թե փոխզիջումային և հավասարակշռված որոշումներ մշակելն է, այլ ինքնագովազդը և Հարավային Կովկասից Ռուսաստանին դուրս մղելը: Նեդ Փրայսին հիշեցրին, որ այս ամսվա վերջին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հավաքել, հետաքրքրվեցին՝ մտավախություն չունի՞, որ այդ հանդիպումը կծառայի Բրյուսելի և Պրահայի հանդիպումների ձեռքբերումները խաթարելուն, այլ ոչ թե ամրացնելուն:

Փրայսը նախ նշել է, որ ինքնագովազդի ոչ մի հարց չկա, երբ փորձում են վերջ դնել տարիներ շարունակվող հակամարտությանը, բախումներին, որոնք  զոհերի են հանգեցրել երկու կողմից էլ: «Այստեղ մեր միակ նպատակն է օգնել այս երկրներին աշխատել միասին՝ հասնելու համապարփակ և տևական խաղաղության, ի վերջո, կյանքեր փրկել: Ես չգիտեմ, թե դա ինչպես կարող է մեկնաբանվել որպես ինքնագովազդ: Ինչպես ընդգծել է ԱՄՆ պետքարտուղարը՝ մենք հավատարիմ ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին»,-ասել է նա:

Փրայսը նշել է, որ իրենք երկու երկրների ղեկավարներին էլ խրախուսել են հանդիպել այն ձևաչափով, որն առավել օգտակար է նրանց համար: ԱՄՆ-ն կարծում է, որ ուղիղ երկխոսությունը առանցքային է՝ խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար: Եվ հենց այս նպատակով է պետքարտուղար Բլինքենը սեպտեմբերին Նյու Յորքում հավաքել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:

«Ի վերջո, Հայաստանի և Ադրբեջանի որոշելիքն է, թե ՌԴ նախագահ Պուտինի հրավերն օգտակար կլինի՞ նրանց համար՝ հասնելու այդ տևական խաղաղությանը»,-ասել է Փրայսը:

Նա  կասկածի տակ է դրել այն, որ Մոսկվան հարգում է իր հարևանների ինքնիշխանությունը և երկարաժամկետ գործընկեր լինելու հանգամանքը:

«Ի վերջո, չկա ավելի մեծ աջակցություն, քան ԱՄՆ-ինն է՝ Հարավային Կովկասի երկրների ինքնիշխանության ու անկախության համար»,-նշել է խոսնակը՝ ընդգծելով ու կարևորելով 1991-ին Խորհրդային միությունից Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի անկախացումը: