Հնարավոր է՝ թյուրիմացություն եղած լինի, բայց մենք օրենք չենք խախտում. Սուքիասյանն անդրադարձել է «Սիլ պլազա»-ի շուրջ լուրերին

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանն անդրադարձավ  «Սիլ պլազա» բիզնես կենտրոնի սեփականաշնորհման օրինականությունը վիճարկելու Գլխավոր դատախազության պահանջին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սուքիասյանը նշեց, որ  եթե պետությանը վնաս է հասցվել, եթե օրենքի կետ է խախտվել, ապա պետական մարմինները մինչև վերջ պետք է հասկանան, թե ինչ է կատարվել:

Սուքիասյանը ներկայացրել է, թե ինչպես է ձեռք բերվել գույքը.

«Մեզ երկար ժամանակ համոզել են, որ դա քաղաքի կենտրոնում է, դուք ունեք գումարներ, խնդրում ենք՝ վերցրեք, սակայն մենք չենք համաձայնվել, քանի որ չենք տեսել դրա նպատակահարմարությունը։ Ինձ իմ հայրիկն է համոզել՝ երկար բանակցություններից հետո։ Մենք հասկանում էինք, որ եթե շենքը վերակառուցվի, մենք խնդիրների էինք առնչվելու, և եղան այդ խնդիրները»,-ասաց  պատգամավորը։

Սուքիասյանը նշեց, որ դժվար է այն շենք անվանելը, քանի որ ի սկզբանե ինքը գնել է 4 մետրանոց պատ։

«Հնարավոր է՝ ինչ-որ թյուրիմացություն, շփոթմունք եղած լինի, բայց մենք օրենք չենք խախտում, դա մեր ընտանիքում ի սկզբանե դրված է եղել։ «Սիլ պլազա»-ի կառուցման համար  տասնյակ միլիոններ են ծախսվել, ձեռք է բերվել մի պատ »,-ասաց Սուքիասյանը:

«Հետք»-ն ավելի վաղ հայտնել էր, որ Դատախազությունը վարչական դատարանից պահանջում է զրկել ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքի անդամներին պատկանող ընկերության՝ «Սիլ պլազա»-ի նկատմամբ ունեցած սեփականության իրավունքից։ Նշվում է, որ վարչական դատարանն արգելանք է դրել «Սիլ պլազա»-ի գույքի վրա։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ վարչական դատավարությունից բացի, Գլխավոր դատախազությունում պետական շահերի պաշտպանության շրջանակում նույն շենքի սեփականաշնորհման փաստի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել։