«Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները

ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվ. Բյուրականի աստղադիտարանն ուրախ է տեղեկացնել, որ «Աստղագիտության դպրոցական կրթության ցանց»-ում (NASE) արդեն տեղադրված են ծրագրի շրջանակներում իրականացվող դասընթացների powerpoint նյութերի հայերեն թարգմանված տարբերակները։ Ընդամենն առկա է աստղագիտության զանազան թեմաներով 13 դասախոսություն։

NASE-ն աստղագիտության կրթական ծրագիր է, որն ուղղված է նորարական մեթոդներով աստղագիտության դասավանդմանը։ Ծրագրի հիմնական նպատակն է աստղագիտության ուսուցիչների նոր սերնդի պատրաստումը, ինչպես նաև փորձառու ուսուցիչների վերապատրաստումը։

NASE-ն իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում` համագործակցելով տվյալ երկրում միջազգային աստղագիտական միության ներկայացուցիչների և տեղի համալսարանների հետ: Ծրագրի շրջանակներում տվյալ երկրում ստեղծվում է NASE-ի անդամների տեղական խումբ, որը պատասխանատու է դառնում դասընթացի ամենամյա անցկացման համար։

Միջազգային ծրագրի ղեկավարներն են Ռոզա Մարիա Ռոսը (Իսպանիա) և Ալան Պիկվիկը (Մեծ Բրիտանիա)։

NASE-ի էջում կարող եք գտնել հիմնական դասընթացի բոլոր նյութերը, որոնք ներառում են powerpoint նյութեր, հոդվածներ, գրքեր, նկարներ, տեսանյութեր՝ http://sac.csic.es/astrosecundaria/arm/cursos/formato/materiales/ppts/ListaPpts.php ։

Այս մասին տեղեկացնում է պաշտոնական հաղորդագրությունը։