Պեմզաշենցի կնոջ և նրա երեխաների սպանության մեջ մեղադրվող Վրույր Բարսեղյանը կալանավորվեց. «Ազատություն»

Պեմզաշենցի 31-ամյա կնոջ և նրա երկու երեխաների սպանության կասկածանքով ձերբակալված Վրույր Բարսեղյանը կալանավորվեց․ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանն այսօր վաղ առավոտյան շարունակեց երեկ մեկնարկած խափանման միջոցի հարցի քննությունը։Այս մասին տեղեկացնում է «Ազատություն»-ը:

Դատարանն անցավ մյուս կասկածյալին՝ Արկադի Բարսեղյանին կալանավորելու հարցի քննությանը։ Այս պահին ընդմիջում է, փաստաբանը ծանոթանում է գործի նյութերին։

Ողջ Հայաստանը ցնցած դեպքի մասին շատ մանրամասներ իրավապահները դեռ չեն հաղորդում։ Պարզ չէ, թե ինչն է եղել դաժան սպանության շարժառիթը։ Ըստ Քննչական կոմիտեի, 31-ամյա կնոջ, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա տղայի դիերի վրա կտրած-ծակած վերքեր են եղել, ընդ որում՝ կնոջ և որդու ձեռքերը կապված են եղել։

Անցած շաբաթ տեղի ունեցած սպանությունից հետո քրեական գործ էր հարուցվել սպանության և անչափահասի սպանության հոդվածներով։