Ադրբեջանցի «էկոակտիվիստը» կեղծում է․ Արցախցի ծանր հիվանդները շարունակում են զրկված մնալ պատշաճ բուժօգնությունից.Fip

Դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտնեց, որ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով «առողջական ծանր խնդիրներ ունեցող Արցախի քաղաքացիների տեղափոխումը Երևան շարունակում է անհնար մնալ»:

«ԱՀ առողջապահության նախարարությունը գործադրում է հնարավոր բոլոր ջանքերը նրանց մասնագիտական օգնություն ցուցաբերելու ուղղությամբ՝ կապ պահպանելով նաև Երևանի մասնագետների հետ: Ներկա պահին առաջին օգնության համար անհրաժեշտ դեղերի և բժշկական պարագաների պակաս չկա: Այդուհանդերձ, անհանգստացնող է, որ դեղամիջոցների մատակարարումը դարձել է անհնարին»,- ասվում է հաղորդագրության մեջ:    

Դեկտեմբերի 13-ին՝ նախարարության վերոհիշյալ հաղորդագրության հրապարակումից բառացիորեն րոպեներ անց, ադրբեջանական Trend լրատվական գործակալությունը հրապարակեց «Ադրբեջանցի ցուցարարները մարդասեր են Խանքենդիի (Ստեփանակերտ-խմբ․) հայերի հանդեպ, բայց մերժում են դադարեցնել ակցիան» վերտառությամբ հոդվածը։ 

Դրանում դեկտեմբերի 12-ից Արցախը ՀՀ-ին կապող Լաչինի միջանցքն արգելափակած՝ էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցիներից մեկը՝ Դիլյարա Էֆենդիևան, պնդում է, թե իրենք պատրաստ են միջանցք տալ՝ արցախցիների պատշաճ բուժօգնության համար։ 

«Ես՝ որպես այս ակցիայի կազմակերպիչներից մեկը, ուզում եմ հաստատել, որ մենք պատրաստ ենք միջանցք տրամադրել շտապօգնության մեքենայի և բժշկական օգնության համար»,- ասել է Էֆենդիևան։ 

Նույն օրը՝ ժամը 15։46-ին, Արցախի ԱՆ ֆեյսբուքյան էջում հրապարակվեց ռեպորտաժ, որի նկարագրությունում նախարարությունը ևս մեկ անգամ հաստատում էր, որ «միջպետական ճանապարհի փակման հետևանքով Արցախից ծանր հիվանդների տեղափոխումը դարձել է անհնար»։ 

Ռեպորտաժում Արցախի Հանրապետական բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Մհեր Մուսայելյանը հայտնում է, որ ԲԿ-ում ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երկու պացիենտ է ենթակա Երևան տեղափոխվելու, ևս երկուսը տեղափոխման կարիք ունեն շտապ հետազոտման նպատակով, սակայն տեղափոխման հարցն անորոշ է միջանցքի փակ լինելու պատճառով։ 

Նախարարության հրապարակած տեսանյութում նշվում է նաև, որ Ստեփանակերտի շտապօգնությունը ոչ միայն չի կարողանում ծանր հիվանդներին Երևան տեղափոխել, այլ նաև ընդհատվել է կապը Շուշիի շրջանի մի շարք համայնքների հետ։ 

Այսպիսով, Լաչինի միջանցքի արգելափակված լինելու հետևանքով արցախցի ծանր հիվանդները շարունակում են զրկված մնալ պատշաճ բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվելու հնարավորությունից, անհնար է շարունակում մնալ նաև շտապօգնության մեքենաների մուտքը դեպի Արցախի որոշ համայնքներ՝ չնայած էկոակտիվիստ ներկայացող ադրբեջանցու և ադրբեջանական ԶԼՄ-ի պնդումներին, թե ցուցարարները պատրաստ են մարդասիրական միջանցք տալ։ 

Նանե Մանասյան

Fip.am