Էջմիածնում ոստիկանը հետապնդել ու բռնել է կողոպտչին․ վերջինս ձերբակալվել է․ Տեսանյութ

Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի տեսախցիկներից մեկը մայիսի 14-ի ժամը 14.35-ի սահմաններում արձանագրել է, թե ինչպես է մի տղամարդ բացահայտ հափշտակում մթերային խանութի դիմաց կանգնած կնոջ դրամապանակն ու փախչում։

Կինն օգնություն է կանչում ու վայրկյաններ անց կողոպտչի ուղղությամբ վազում է մի տղամարդ։

Հետապնդողը ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով օպերլիազորներից էր, որը տարածքում ծառայող գործընկերների օգնությամբ բռնում է կողոպուտ կատարած անձին ու բերման ենթարկում բաժին։ Խոսքը Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ, 38-ամյա տղամարդու մասին է, որը բերման ենթարկվելուց հետո ձերբակալվեց։ Կնոջից հափշտակած դրամապանակը, որի մեջ 30 հազար դրամ, 30 դոլար ու 230 եվրո կար, վերադարձվեց տուժողին։

Կողոպուտի փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։