ԱԱԾ արտաքին հետախուզության դեպարտամենտը 3 տարուց հետո դադարեցնելու է գործունեությունը. ԱԽ քարտուղար

Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման գործընթացի ժամանակահատվածում Ազգային անվտանգության ծառայության համապատասխան դեպարտամենտը գործելու է ևս 3 տարի, իսկ Պաշտպանության նախարարության արտաքին հետախուզության ստորաբաժանումը շարունակելու է իր աշխատանքը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Ազգային ժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Կարճ ժամանակով Արտաքին հետախուզության ծառայության և ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտի գործառույթների դուբլիկացիա կլինի, բայց, հաշվի առնելով քաղաքական իրավիճակը, այդպիսի որոշում ենք կայացրել: ԱԱԾ-ի համապատասխան դեպարտամենտը շարունակելու է աշխատել ևս 3 տարի, որից հետո դադարելու է այդ դեպարտամենտի գործունեությունը և ամբողջությամբ այդ գործառույթն անցնելու է Արտաքին հետախուզության ծառայությանը»,- ասաց Գրիգորյանը:

Իսկ ինչ վերաբերվում է Պաշտպանության նախարարության արտաքին հետազության ծառայությանը, ապա Գրիգորյանը նշեց, որ Արտաքին հետախուզության ծառայությունը և ՊՆ-ի համապատասխան ծառայությունը իրար կարող են փոխլրացնել, բայց Արտաքին հետախուզության ծառայությունը իր վրա ռազմական գործառույթ չի վերցնի: