Եթե վաղը ճանապարհը չբացեցին,բոլորով բարձրանալու ենք Շուշիի բարձունքը․ արցախցիները՝ խաղաղապահներին

Մի խումբ արցախցիներ դեկտեմբերի 23-ին Ստեփանակերտից շարժվել են դեպի Շուշի՝ Արցախը Հայաստանին և արտաքին աշխարհին կապող ճանապարհն արգելափակած բնապահպան ներկայացող ադրբեջանցիների կեղծ պնդումներին հակափաստարկներ ներկայացնելու նպատակով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ստեփանակերտ-Շուշի տանող ճանապարհին տեղակայված ռուս խաղաղապահ զորակազմի անցակետում նրանց չեն թույլատրել անցնել՝ նշելով, որ ճանապարհը բացելու համար ներկայում բանակցություններ են ընթանում, իսկ նման նախաձեռնությունները կարող են սրել իրավիճակը:

Նախաձեռնության մասնակիցներից «Վաղվա Արցախ» կուսակցության նախագահ Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է արցախահայության պահանջը ճանապարհն անհապաղ բացելու վերաբերյալ՝ նշելով, որ, ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, Ռուսաստանի Դաշնությունը պարտավորվել է խաղաղապահ զորակազմի միջոցով ապահովել անխափան և անվտանգ երթևեկություն Լաչինի միջանցքով։

Այնուհետև երթի մասնակից արցախցիները պահանջել են մինչև դեկտեմբերի 24-ը վերականգնել ճանապարհի բնականոն երթևեկությունը, հակառակ դեպքում կվերադառնան մեծաթիվ խմբով՝ պահանջելու լուծում տալ խնդրին: