Դեկտեմբերի 28-ին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, դստեր՝ Մարիամ Փաշինյանի հետ այցելել է Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն:
Ինչպես հայտնում են Աննա Հակոբյանի գրասենյակից, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի, փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի, մանկատան տնօրենի պաշտոնակատար Տաթևիկ Մաթևոսյանի հետ միասին վարչապետի տիկինը մասնակցել է մանկատան սաների մասնակցությամբ տոնական հանդեսին:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատունը հատուկ կարիքներ ունեցող 0-18 տարեկան երեխաների խնամքի կենտրոն է դարձել 2013-ին: Այս պահին մանկատանը 116 հատուկ կարիքներ ունեցող երեխաներ են ապրում: Մանկատանը վերջին տարիների ընթացքում բացվել են երգի, պարի, ձեռքի աշխատանքի, կավագործության և մի շարք այլ խմբակներ, համակարգչային սենյակ:
Երեխաների կազմակերպած տոնական միջոցառման ավարտին վարչապետի տիկին Աննա Հակոբյանը երեխաներին հանձնել է Ձմեռ պապի փոխանցած նվերները: Այս տարի երեխաները անհատական նամակներ էին գրել և յուրաքանչյուրը ստացել է հենց իր երազած նվերը:
Մարի Իզմիրլյանի անվան մանկատան 116 սաները վերջինն էին շուրջօրյա և ցերեկային խնամքի հաստատություններում ապրող ավելի քան 940 երեխաներից, որոնց համար, Ամանորին ընդառաջ, վարչապետի ֆոնդից ձեռք են բերվել երեխաների անհատական նամակներում գրված բոլոր նվերները: