Հաստատվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր մոդելի ներդրման հայեցակարգը

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի դեկտեմբերի 29-ի հրամանով հաստատվել է Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր մոդելի ներդրման հայեցակարգը։

Հարկադիր կատարումն ապահովող ծառայության նոր մոդելը ենթադրում է Ծառայության բարեփոխում՝ առավել արհեստավարժ, առանձին ոլորտներում մասնագիտացված, բարեվարքության նախնական ու ընթացիկ ստուգում անցնող հարկադիր կատարողների ներգրավման, Ծառայության տեխնիկական հագեցածվածության բարելավման, հանրության շրջանում հարկադիր կատարողի կերպարի և գործառույթների վերաիմաստավոման միջոցով։

Նշվում է, որ առաջնահերթ կարևորություն ունի հարկադիր կատարողի պաշտոնի հասարակական ընկալման արմատական փոփոխությունը և վերաիմաստավորումը՝ պարզապես բռնագանձող կամ հարկադրողից դեպի մարդկանց խախտված իրավունքները փաստացի վերականգնող և սոցիալական արդարության ապահովմանը նպաստող պաշտոնատար անձ:

Ծառայության նոր մոդելի ներդրման շրջանակում առաջարկվում է ապահովել Ծառայության մարզային բաժինների, բաժանմունքների և նստավայրերի առավել օպտիմալ բաշխում։ Մասնավորապես, առաջարկվում է ներդնել քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում Ծառայության հասանելիության և իրենց մասնակցությամբ հարուցված կատարողական վարույթն իրականացնող հարկադիր կատարողի հետ հաղորդակցությունն ապահովելու նոր ինստիտուտ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակներ։

Շարժական գրասենյակները սկզբնական շրջանում նախատեսվում է ներդնել պիլոտային, փորձնական ծրագրով՝ դրանք գործարկելով 1-2 մարզերում, հետագայում, ծրագրի հաջող իրականացման դեպքում, ընդլայնելով շարժական գրասենյակների գործողության շրջանակը։

Ծառայության նոր մոդելի շրջանակում նախատեսվում է ներդնել նաև հարկադիր կատարողի ծանրաբեռնվածությունը նվազեցնելու և հարկադիր կատարողի ժամանակն ու ջանքերը կատարողական առավել բարդ և կարևոր գործողությունների կատարմանն ուղղելուն ուղղված մի շարք գործիքներ։

Նախ, կատարողական վարույթների էլեկտրոնային նոր համակարգի և հարկադիր էլեկտրոնային աճուրդի նոր համակարգի ներդրման արդյունքում առաջարկվում է ապահովել կատարողական մի շարք գործողությունների իրականացումն էլեկտրոնային եղանակով։

Երկրորդ, Ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունված՝ ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» ուժի մեջ մտնելու պայմաններում հնարավոր կլինի կատարողական վարույթի շրջանակում մի շարք օժանդակ գործողությունների իրականացումը վերապահել Ծառայության այլ ստորաբաժանումների աշխատակիցներին, իսկ որոշակի պարզ, տեխնիկական բնույթի աշխատանք պահանջող գործառույթների իրականացումը՝ տվյալ բաժնի տեխնիկական գործառույթներ իրականացնող աշխատակիցներին կամ Ծառայության առաջատար խմբի առավել ցածր դասի պաշտոն զբաղեցնող աշխատակիցներին՝ այդպիսով ապահովելով հարկադիր կատարողի աշխատանքի ողջամիտ ծանրաբեռնվածություն և ժամանակատար ու մասնագիտական հատուկ գիտելիքներ պահանջող գործողությունների իրականացման ավելի բարձր որակ։