ԱՄՆ-ն կշարունակի ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասին. Նեդ Փրայսը հայտնել է Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին

ԱՄՆ-ն մեծ ուշադրություն է դարձնում կայուն խաղաղության հասնելու հարցում Հայաստանին և Ադրբեջանին օգնելուն:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսը՝ տեղեկացնելով ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնաթողության մասին:

«Դեսպան Ռիքերի աշխատանքը՝ որպես Կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական, արագացրել է ներգրավվածությունը և օգնել է կառուցել կազմակերպված գործընթաց անհանգիստ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու համար: Նրա ներդրումը վերահաստատում է այն կարևորությունը, որ Միացյալ Նահանգները հատկացնում է՝ օգնելու Հայաստանին և Ադրբեջանին բանակցություններ վարել երկկողմ կայուն խաղաղության շուրջ, ինչպես նաև աջակցելու Վրաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը՝ որպես Ժնևի միջազգային քննարկումների մեր պատվիրակության ղեկավար», – ասել է Փրայսը:

Նա շեշտել է, որ Ֆիլիպ Ռիքերի պաշտոնավարությունն ի սկզբանե նախատեսված է եղել  կարճ ժամկետով:

«Դեսպան Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խարխլում ԱՄՆ-ի հանձնառությունը՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում խթանել անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ և խաղաղ ապագա: Միացյալ Նահանգները շարունակում է ներգրավված մնալ երկկողմանիորեն, համախոհ գործընկերների հետ, ինչպիսին է Եվրամիությունը, նաև միջազգային կազմակերպությունների միջոցով, ինչպիսին է ԵԱՀԿ-ն՝ նպաստելու Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ երկխոսությանը Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող կամ դրանից բխող բոլոր առկա հիմնախնդիրներին լուծումներ գտնելու համար», – հավելել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը:

Նեդ Փրայսը նաև նշել է, որ տարածաշրջանից դեսպան Ռիքերի հեռանալուց հետո ԱՄՆ պետքարտուղարությունը բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով կշարունակի ուշադրություն հատկացնել Հարավային Կովկասին:

«Ինչպես գիտեք, պետքարտուղար Բլինկենն անձամբ ներգրավված է այս գործընթացում. նա ցույց է տվել այդ անձնական ներդրումը՝ հանդիպումներ կազմակերպելով Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների միջև, պարբերաբար խոսելով նրանց հետ: Ակնկալում եմ, որ նա առաջիկա օրերին հնարավորություն կունենա կրկին հեռախոսազրույց ունենալ Հայաստանի և Ադրբեջանի իր գործընկերների հետ», – հայտնել է Նեդ Փրայսը:

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը շեշտել է, որ Միացյալ Նահանգների մոտեցումն է՝ օգնել կողմերին միմյանց հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ կառուցողական կերպով և կայուն, երկարատև լուծում գտնելու հարցում առաջընթացի հասնել:

Իսկ թե ով կփոխարինի Ֆիլիպ Ռիքերին կամ արդյոք այդ պաշտոնը թափուր կմնա, Նեդ Փրայսը չի մեկնաբանել: