Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Սիրիայի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը ցավակցագիր է հղել Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասադին՝ Սիրիայում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի կապակցությամբ:Այս մասին հայտնեցին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից: 

«Փետրվարի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցել է Սիրիայի Հանրապետության նախագահ Բաշար Ալ Ասսադին՝ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով բազմաթիվ զոհերի ու ավերածությունների կապակցությամբ:

Իր ցավակցագրում Նորին Սրբությունը մխիթարություն ու սփոփանք է մաղթել անմեղ զոհերի վշտակիր հարազատներին և շուտափույթ ապաքինում վիրավորներին։

Հայոց Հայրապետը հայցել է, որ Բարձրյալն իր օրհնության ներքո պահի բարեկամ Սիրիային՝ պագևելով խաղաղ ու ապահով օրեր»,- ասված է հաղորդագրության մեջ:

Սիրիայում ավերիչ երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը վերջին տվյալներով հասել է 326-ի, վիրավորների թիվը գերազանցել է 1000-ը: