Անհրաժեշտ է, որ ԵԽ պաշտոնյաները և կառույցները ԼՂ այցելելու հնարավորություն ունենան. Ալեն Սիմոնյանը՝ Խորվաթիայի ԱԳ նախարարին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը փետրվարի 7-ին ընդունել է Խորվաթիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Գորդան Գրլիչ Ռադմանին:

Հանդիպմանը քննարկվել է երկկողմ հարաբերություններին միտված բազմոլորտ համագործակցության անհրաժեշտությունը: Ալեն Սիմոնյանը, նշելով, որ Խորվաթիայի խորհրդարանի խոսնակի մակարդակով ընդամենը մեկ այց է եղել` 2011 թվականին, առաջարկել է ակտիվացնել միջխորհրդարանական հարաբերությունները:

Անդրադարձ է եղել բարեկամ երկրների խորհրդարանների միջև ակտիվ երկխոսության հարցում բարեկամական խմբերի դերին:

Գործընկերները խոսել են հետպատերազմյան իրադրությունից, Լաչինի միջանցքի ճգնաժամից, Հայաստանի ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայից և Լեռնային Ղարաբաղում բնակվող 120 000 հայերին սպառնացող վտանգներից ու Ադրբեջանի կողմից վարվող շարունակական ագրեսիվ քաղաքականությունից:

«Արցախ միջազգային, այդ թվում` հումանիտար կազմակերպությունների մուտքն արգելելու Ադրբեջանի քաղաքականությունն անընդունելի է: Մեր խորին համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Եվրոպայի խորհրդի պաշտոնյաները և կառույցները Լեռնային Ղարաբաղ այցելելու հնարավորություն ունենան` մարդու իրավունքների վիճակի մշտադիտարկում իրականացնելու համար»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպման ավարտին զրույց է ծավալվել միջազգային հարթակներում գործակցության հնարավորությունների շուրջ: Քննարկվել են կրթության, գիտության, առևտրի և զբոսաշրջության ոլորտներում փոխշահավետ համագործակցության հեռանկարները:

«Կարծում եմ` ուղիղ թռիչքների գործարկումը կնպաստի երկու ուղղություններով զբոսաշրջության զարգացմանը»,- նկատել է Ալեն Սիմոնյանը: