«Մերկելն Ադրբեջանում կքննարկի նրանից ավելի շատ գազ գնելու հարցը՝ ի հակակշիռ Ռուսաստանի». Արա Պապյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը:

– Պարո՛ն Պապյան, ինչպե՞ս եք գնահատում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի այցը տարածաշրջան: Ինչո՞ւ էր պետք այս ժամանակահատվածում այս այցը:

– Բնականաբար, դրական եմ գնահատում Գերմանիայի կանցլերի այցը տարածաշրջան և Հայաստան, քանի որ Գերմանիան առանցքային կարևոր դեր ունի Եվրամիության մեջ հատկապես տնտեսական դաշտում: Իհարկե, այս այցը ամիսներ առաջ էր պլանավորված, բայց կարծում եմ նաև, որ տարածաշրջանում և տարածաշրջանին կից տարածքներում տեղի ունեցող իրադարձություններն արագացել են:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Նկատի ունեմ Վրաստանի ավելի մերձեցումն Արևմուտքին, Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունները, որն անվանում ենք հեղափոխություն, ինչպես նաև Ադրբեջանի ներքին ավելի անկայուն վիճակը: Մենք նկատում ենք, որ հատկապես կրոնականները շատ ավելի են ակտիվանում: Տարածաշրջանի մերձ շրջաններում մենք տեսնում ենք, որ Իրան-Արևմուտք հարաբերություններն են լարվում, հատկապես Իրան-Միացյալ Նահանգներ: ԵՄ-ն փորձում է այս հարցում Միացյալ Նահանգներից առանձին, մի փոքր տարբերվող դեր ունենալ: Տեսնում ենք Թուրքիա-Արևմուտք հարաբերությունների լարում և պատժամիջոցների խստացում Ռուսաստանի հանդեպ: Հետևաբար, Ռուսաստան-Թուրքիա-Իրան մեծ եռյակի մեջտեղում գտնվող այս փոքր եռյակը մեծ աշխարհաքաղաքական կարևորություն է ձեռք բերում:

– Վրաստանում Մերկելը անդրադարձել էր այն հարցին, թե երբ ի վերջո Վրաստանը կանդամակցի ՆԱՏՕ-ին: «Անկեղծ ասած, մենք պետք է ազնիվ լինենք, չեմ տեսնում Վրաստանի մոտալուտ անդամակցությունը ՆԱՏՕ-ին, Աբխազիայի և այսպես կոչված Հարավային Օսիայի համատեքստում, կարծում եմ, չենք կարող խոսել արագ անդամակցության մասին: Այդպիսին էր Գերմանիայի դիրքորոշումը, այդպես էլ կմնա»,- հայտարարել է նա: Հնարավո՞ր է սա հիասթափեցնի Վրաստանին:

– Նախ պետք է նշել, որ գերմանացիները միշտ էլ ավելի զգուշավոր են եղել ՆԱՏՕ-ի հարցում, բայց ՆԱՏՕ-ի անդամ երկրներից ամենավճռորոշը Միացյալ Նահանգների դիրքորոշումն է, որն ավելի հուսադրող արտահայտություն է անում: Նաև ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովում ավելի հուսադրող հայտարարություններ արվեցին: Ճիշտ է, երբեք ժամկետ չի նշվել, բայց գոնե վերջին շրջանում մշտապես նշվել է, որ Վրաստանը կանդամակցի: Ինչո՞ւ է զգուշավոր, որովհետև, բնական է, Վրաստանը Ռուսաստանին սահմանակից երկիր է, այսինքն՝ ըստ էության, բացի մերձբալթյան երկրներից, որոնք սահմանակից էին և անդամակցել են շատ վաղուց, երբ Ռուսաստանը շատ ավելի խեղճ էր և հանգիստ, Արևելյան Եվրոպայի երկրները Ռուսաստանի հետ սահման չունեին, և Ռուսաստանն ավելի հեշտ էր ընդունում: Հիմա մենք գիտենք, որ Ռուսաստանը ավելի հիվանդագին է այդ ամենն ընդունում, դրա համար մարդիկ ավելի զգուշավոր են: Նաև ուզում եմ շեշտել, որ Երկրորդ համաշխարհայինից հետո ռազմական առումով գերմանացիները զգուշավոր են: Լինելով ամենահզոր երկիրը՝ նրանք միջուկային զենք չունեն՝ ի տարբերություն հարևան Ֆրանսիայի: Այնպես որ, նրանք ռուսական գործոնն ավելի շատ են հաշվի առնում:

– Ի՞նչ ակնկալիքներ կան՝ հաշվի առնելով Բրյուսել կատարած այցից հետո Նիկոլ Փաշինյանի մտահոգությունները: Հիմա հնարավո՞ր է տնտեսական բեկում հայ-գերմանական հարաբերություններում:

– Դեռ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը ասաց՝ դե 10 միլիոնն ինչ է, մի կաշառակերի թափ կտանք, վրայից կթափվի, ասել եմ, որ Նիկոլ Փաշինյանը մի փոքր շտապում է: ԵՄ-ի և Գերմանիայի ներսում, որքան էլ նրանք հարուստ են, չունեն ավելորդ փողեր, որ այդպես հեշտությամբ հարյուրավոր միլիոնի փոփոխություն մտցնեն: Հաստատված բյուջեից նրանք պատրաստ էին 10 միլիոն ավելացնել և դառնալու էր 170 միլիոն եվրո: Եվ սա էլ քիչ փող չէ: Գոյություն ունի բյուջե հասկացություն, և այդ բոլոր փոփոխություններն արվում են նախապես հաջորդ տարվա համար՝ հաշվի առնելով տարբեր գործոններ և փոփոխություններ: Մի փոքր հույս կա այն առումով, որ Վրաստանին 190 միլիոն եվրո են տվել, միգուցե մի բան էլ մեզ տան, բայց սա հույսի մակարդակ է, որովհետև Վրաստանի պարագայում նրանք կարող էին դա նախատեսել նախորդ տարի բյուջեն հաստատելիս և հայտարարեին, քանի որ Վրաստանը վաղուց է իր դիրքերի վրա, իսկ մենք՝ ոչ: Մեր նկատմամբ մայիսից կարող էին դիրքորոշում փոխել:

Այսպիսով, ես սա գնահատում եմ ճանաչողական այց՝ հասկանալու, թե երկխոսելու ինչ ծրագրեր կան, և այստեղ անգամ կարևորը Մերկելը չէ, նա այստեղ խորհրդանիշ է, և այս առումով կարևոր է, որ նա եկավ գնաց, բայց ինքը թիմ ունի, որը այստեղ շփվելու, աշխատելու է փոխնախարարների հետ, վարչության պետերի հետ: Եվ հիմա նախնական հարաբերություններ պետք է ստեղծվեն և հետո փոխադարձ ինֆորմացիա փոխանցելով աշխատեն: Հուսանք, որ մեկ-երկու ծրագիր այստեղ կանեն պետական մակարդակով, և հուսանք նաև՝ բնապահպանության ոլորտում և նաև կխրախուսեն մասնավորին ներդրումներ անելով:

– Անգելա Մերկելի վերջին հանգրվանը Ադրբեջանն է: Ադրբեջանը դարձյալ պահը բաց չի՞ թողնելու խոսելու Արցախի խնդրից:

– Իհարկե Ադրբեջանն իր ասելիքը կասի՝ մեկ միլիոն փախստական, 20 տոկոս օկուպացիա և այլն: Մերկելը կասի սովորական կաղապարված խոսքեր՝ եռանախագահներ, Մինսկի խումբ, ընդունված սկզբունքներ՝ խաղաղություն, միջազգային իրավունք և այլն, բայց դրանից ավելի չի գնա:

Բայց, կարծում եմ, քննարկման հիմնական թեման կլինի Ադրբեջանից ավելի մեծաքանակ գազի գնման, ինչպես նաև Ադրբեջանի տարածքով միջինասիական գազի գնման տարբերակները՝ ի հակակշիռ Ռուսաստանի: Հիշենք, որ Թրամփը իր վերջին հանդիպման ժամանակ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում թուքումուր տվեց անձամբ Մերկելին, թե այս ինչ է, մենք մեր փողով ձեզ պաշտպանում ենք ռուսներից, իսկ դուք ռուսներից գազ եք գնում, նրանց հարստացնում եք: Այսինքն՝ իրենք ինչ-որ քանակի գազի կարիք ունեն, և եթե չավելացնեն ռուսներից առնելը և ավելին՝ պետք է կրճատեն, պետք է առնեն այլ տեղերից: Եվ Ադրբեջանը կարող է դիտվել այդ այլընտրանքային աղբյուրներից մեկը:

Մանե Հարությունյան

Medialab.am