Լուսարձակներ` Հայաստանի Հանրապետություն-Նախիջեւան սահմանի վրա

Լուսարձակներ` Հայաստանի Հանրապետություն-Նախիջեւան սահմանի վրա
Լուսարձակներ` Հայաստանի Հանրապետություն-Նախիջեւան սահմանի վրա
Հեղինակ MediaLab

Հայ-ադրբեջանական սահմանային գոտիներում արձանագրվող զարգացումները բնականաբար չեն վրիպում տարբեր կենտրոնների ուշադրությունից:

Առավել սուր կերպով ուշադրության կենտրոնում հայտնված իրողությունն այն է, որ դիպաշարը հրադադարի հերթական խախտումներով հատկանշված եւ սովորական երեւույթի վերածված ադրբեջանական ոտնձգությունների մասին չէ: Թե՛ Նախիջեւանի եւ թե՛ Տավուշի ուղղությամբ արձանագրված դեպքերը խոսում են արդեն ոչ միայն արցախաադրբեջանական, այլ նաեւ հայ-ադրբեջանական (Հայաստանի Հանրապետություն-Ադրբեջան սահմանային գոտիներում) արձանագրվող զարգացումների մասին:

Արագ կարգով, մի քանի լրատվություն եւ ապա` որոշ հետեւություններ:

Ուրբաթ օր հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արեւմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային հարված էր ստացել ժամկետային մի զինվոր:

Հունիսի 5-ին ՀՀ-Նախիջեւան սահմանի Արարատի հատվածում ադրբեջանցի դիպուկահարների կրակոցից սպանվել էին երկու պայմանագրային զինվորական ծառայողներ:

ՀՀ ՊՆ նախարար Սեյրան Օհանյանը ուրբաթ օրը այցելել էր ՀՀ-ի հարավ-արեւմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորումներին:

Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ պաշտպանության նախարարը այցելել է մարտական հենակետեր, հետեւել է դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման եւ հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել է մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին:

Դեպքերի բնույթն ու պատահարների մանրամասները իմանալու համար պետք է սպասել պաշտոնական լրահոսին: Եւ իրոք, սա այն ոլորտն է, որտեղ ենթադրությունների վրա հիմնված վերլուծումներն ու մեկնաբանությունները պետք է զիջեն առարկայական տեղեկություն հաղորդելու սկզբունքին. հատկապես մեր նման կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկրի համար իբրեւ աղբյուր պետք է նկատի ունենալ զինվորական համապատասխան գերատեսչությունների մամուլի ծառայությունների հաղորդածները:

Բայց անկախ դեպքերի բնույթից, հենակետերի կարգավիճակին վերաբերող մանրամասնություններից, նախահարձակման կամ համարժեք պատասխանների արդյունքներից, արժե մի քանի դիտարկում կատարել։

Արձանագրվող դեպքերի միջավայրերի եւ զինվորական ճակատների բռնկման հարավ-արեւմտյան զգալի բաժինները հայտնապես խոսում են ՀՀ-Նախիջեւան շփման գծերի մասին:

Դեպքերի շարժառիթներին, ռազմագիտական ակնոցով կատարվող դիտարկումներին որոշ հետեւություններ անելը պահանջում է մասնագիտական մոտեցում: Եւ առանց տիրապետելու իրավիճակի մանրամասներին, զարգացումների մասին եզրահանգումներ անելը լրագրողական առումով ճիշտ պիտի չլիներ:

Տեղեկատվականի դեպքում սակայն, փաստերի վրա հիմնվելով որոշ խորհրդածություն անելը կարող է օգտակար լինել։ Նախիջեւանի ուղղությամբ արձանագրված զարգացումների օրերին հայկական կողմից կային հերքումներ. ադրբեջանականը համեմատաբար զուսպ էր եւ պահում էր որոշակի լռություն: Աշխույժը ռուսականն էր, որը խոսում էր հայկական ուժերի առավելության, այդ ուղղությամբ հենակետ գրավելու եւ Նախիջեւանում ադրբեջանական գյուղի բնակչության տարհանման մասին:

Առայժմ ավելի հետեւություն անելը թվում է, թե նպատակահարմարություն չի ապահովի: Հայկական կողմից կա որոշակի զսպվածություն այս մասին բարձրաձայնումներ կատարելու: Նախիջեւանի աշխարհագրությունը նկատի ունենալով կան վերլուծություններ, որոնք նշում են հարցի արտակարգ տարողությունը` ընդգծելու համար, որ արձանագրվածը ռուս-թուրքական քաղաքական պարանաձգությունում տեղավորվող ուղերձների փոխանակում է:

Չէ բացառված, որ նախահարձակ կողմի, հենակետ գրավողի կամ տարհանված գյուղերի մասին լրատվությունները շարունակվեն: Նաեւ, որ` արցախաադրբեջանականից բացի ընդհանրապես հայ-ադրբեջանական շփման գծերի վրա շարունակվեն նման մասնակի բախումներ:

Պարզը այն է, որ ռուսական լրատվադաշտը մեծ լուսարձակներ է բացել ՀՀ-Նախիջեւան սահմանի վրա: Մինչ, առնվազն իրեն հատուկ թափով ադրբեջանական կողմը չի լուսաբանում արձանագրվող պատահարները:

Հայկական կողմը այս դեպքերի լուսաբանման համար բացառապես պետք է նկատի ունենա պաշտոնական լրահոսի փոխանցածները: Վաղ է հաստատել, որ Նախիջեւանի ուղղությամբ զարգացումները կարող են ստանալ տարածաշրջանային տարողություն:

Շահան Գանտահարյան

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

 © Medialab.am