Արդարադատության միջազգային դատարանը մերժել է Հայաստանի դեմ Ադրբեջանի պահանջը

Արդարադատության միջազգային դատարանը մերժեց Հայաստանի դեմ ժամանակավոր միջոցներ կիրառելու Ադրբեջանի պահանջը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ որոշումը հրապարակվեց փետրվարի 22-ին:

Որոշման մեջ նշված է, որ դատարանը չի համարում, թե Ռասայական խտրականությունների բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիան պարտավորեցնում է Հայաստանին միջոցներ ձեռնարկել՝ Ադրբեջանին ականազերծում իրականացնելու հնարավորություն տալու կամ ականներ տեղադրելը դադարեցնելու հարցում:

Ադրբեջանը դատարանին չի ներկայացրել ապացույցներ, որոնք ցույց կտան, թե ականների հետ կապված Հայաստանի ենթադրյալ վարքագիծը նպատակ ունի խաթարել ադրբեջանական ծագում ունեցող անձանց իրավունքները:

Դատարանը  եզրակացրել է, որ Կանոնադրության 41-րդ հոդվածով նախատեսված ժամանակավոր միջոցների կիրառման պայմանները բավարարված չեն: