ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հարավարևմտյան սահմանագոտի

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 28-ին այցելել է հանրապետության հարավարևմտյան սահմանագոտի:

Նախարար Պապիկյանը շրջել է դիրքում, հետևել մարտական հերթապահության կազմակերպմանը, զրուցել դիտարկող անձնակազմի հետ:

2.jpg (82 KB)

Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, զորամիավորման և զորամասի հրամանատարները պաշտպանության նախարարին զեկուցել են սահմանագոտու իրադրության վերաբերյալ: Հրամկազմը պաշտպանական գերատեսչության ղեկավարին ներկայացրել է առաջնագծում իրականացված լայնածավալ ինժեներական աշխատանքների, մարտական դիրքերի կահավորման, նոր ենթակառուցվածքների ներդրման ընթացքի մասին, զեկուցելով, որ դրանք շարունակական են լինելու:

10.jpg (118 KB)

«Սուրեն Պապիկյանը հետաքրքրվել է անձնակազմի մարտական պատրաստությամբ, կացարանային պայմաններով, ռազմամթերքի և պարենային բավարարումներով, լսել զեկույցներ անվտանգության կանոնների պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին:

6.jpg (121 KB)

Մարտական հենակետում՝ թեյի սեղանի շուրջ, նախարար Պապիկյանը լսել է պայմանագրային զինծառայողներին, խոսել ատեստավորման արդյունքում սպասվող առավելությունների մասին: Սուրեն Պապիկյանը հորդորել է դիրքապահ անձնակազմին հերթափոխին հաջորդող երկու շաբաթներն օգտագործել ֆիզիկական պատրաստության մակարդակը բարձրացնելու, կրակային հմտությունները կատարելագործելու, մասնագիտական գիտելիքներն ավելացնելու նպատակով, ինչը թույլ կտա ստանալ բարձր գնահատականներ՝ հետագա ծառայությունն առավել արդյունավետ կազմակերպելու համար»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Սուրեն Պապիկյանն այցի ընթացքում հետևել է նաև մարտական դիրքեր տանող ճանապարհների շինարարական աշխատանքներին:

Նշվում է, որ մարտական դիրքերից վերադառնալու ճանապարհին պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Անգեղակոթ համայնքի բնակիչների հետ:        

8.jpg (115 KB)