Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի ծրագրի շրջանակում հատկացվեց 800 մլն դրամ

Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի կատարման բնականոն ընթացքն ապահովելու նպատակով գործադիրն ընդունեց համապատասխան որոշում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ըստ այդմ նախատեսվում է Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ճանապարհի անվտանգության բարելավման դրամաշնորհային ծրագիր շրջանակում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 800 մլն դրամ:

Որոշման նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև 2019 թ. նոյեմբերի 27-ին և դեկտեմբերի 4-ին ստորագրված «Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագիր» Հարևանության ներդրումային գործիքի ներդրումային դրամաշնորհային համաձայնագրի շրջանակում ընտրված կապալառու կազմակերպություններին կանխավճար տրամադրելու, ինչպես նաև նախատեսվող երկու նոր մրցութային գործընթացների արդյունքում ընտրված կապալառու կազմակերպությունների կանխավճարները տրամադրելու պատվիրատուի պարտավորության կատարումը: