ՃՏՊ Խանջյան փողոցում. կա տուժած

Ապրիլի 28-ին, ժամը 11:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Ուրուգվայի դեսպանատան հաշվեկշռին գրանցված «Mercedes S 500» (վարորդ՝ Դավիթ Հ., ծնված 2001 թ.) և «ՎԱԶ-2106» (վարորդ՝ Խաչատուր Բ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Խաչատուր Բ.-ն ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ Խաչատուր Բ-ն հոսպիտալացվել է «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը: