«Գասպարին գործել է օրենքի տառին համահունչ».ՀԱԿ-ը պահանջում է պատժել ոստիկաններին

«Գասպարին գործել է օրենքի տառին համահունչ».ՀԱԿ-ը պահանջում է պատժել ոստիկաններին
«Գասպարին գործել է օրենքի տառին համահունչ».ՀԱԿ-ը պահանջում է պատժել ոստիկաններին

Ընդդիմադիր ակտիվիստ Վարդգես Գասպարին այսօրվա միջադեպի հետեւանքով խուլիգանության եւ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալվել է:
Հիշեցնենք, որ հասարակական մեծ հնչեղության ստացած զինվորների մահվան դեպքերի կապակցությամբ այսօր զոհված զինծառայողների ծնողների եւ «Բանակն իրականում» նախաձեռնող խմբի կողմից ակցիա էր կազմակերպվել կառավարության, ապա նախագահականի մոտ, որն ուղեկցվել է միջադեպով:

Կառավարության շենքի մոտ ակցիայի մասնակիցների եւ ոստիկանների միջեւ քաշքշուկ է սկսել, Գասպարին ձերբակալվել է, այն բանից հետո, երբ ամոթանքի եւ վիրավորական խոսքեր է ուղղել ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին, ապա պառկել գետնին, ինչպես անում է սովորաբար:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 258-րդ հոդվածի 1-ին մասով,( 1. Խուլիգանությունը՝ դիտավորությամբ հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելը, որն արտահայտվել է հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքով), եւ 316-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ դա գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ):

Այս պահին Գասպարին գտնվում է մեկուսարանում:

Վարդգես Գասպարիի ձերբակալության կապակցությամբ հայտարարությամբ է հանդես եկել ընդդիմադիր ՀԱԿ-ը:

«Նախկին քաղբանտարկյալ Վարդգես Գասպարին մշտապես աչքի է ընկել ոստիկանական ապօրինությունների դեմ պայքարելու վճռականությամբ, միեւնույն ժամանակ ընդգծված օրինապաշտ կեցվածքով։ Սառնասրտորեն դիմակայելով ոստիկանների սադրանքներին, Վարդգես Գասպարին այսօր նույնպես գործել է օրենքի տառին համահունչ:

Հայ Ազգային Կոնգրեսը դատապարտում է Ոստիկանության ապօրինի պահվածքը, համարելով, հատկապես նկատի ունենալով որ Վարդգես Գասպարիին կալանքի տակ առնելու որոշումը կայացվել է անձամբ ոստիկանապետի կողմից։ Ինչպես եւ Տիգրան Առաքելյանի դեպքում, Ալիկ Սարգսյանը, հակառակ օրենքի պահանջի, իրեն թույլ է տալիս ներքաշվել քաղաքական գործընթացների մեջ եւ վրեժխնդիր լինել իրեն քննադատող քաղաքական և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ»,- գրված է Կոնգրեսի հայտարարության մեջ։

Medialab.am