ԱՄՆ-ն ողջունել է Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև հանդիպումը

Միացյալ Նահանգները ողջունել է Ստեփանակերտի և Բաքվի ներկայացուցիչների միջև վերջին հանդիպումը։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կառավարության և Լեռնային Ղարաբաղի բնակչության ներկայացուցիչների փոխգործակցությունը»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը՝ «Թուրան» գործակալության հարցմանն ի պատասխան։

ԱՄՆ-ն հուսով է, որ կողմերը կկարողանան հետագայում էլ պահպանել հաղորդակցության արդյունավետ ուղիները։

«Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների և անվտանգության ապահովումը կարևոր է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար»,- նշել է պետքարտուղարության խոսնակը։

Հիշեցնենք՝ Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի հրամանատարության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ 2023 թվականի մարտի 1-ին՝ ժամը 11։00-ին, խաղաղապահ զորախմբի շտաբում՝ զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Վոլկովի մասնակցությամբ, անցկացվել է արցախյան և ադրբեջանական կողմերի հանդիպում, որին մասնակցել է Ադրբեջանի Հանրապետության կողմից ձևավորված համանման աշխատանքային խումբը՝ Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր Ռամին Մամեդովի գլխավորությամբ։