«Ոսկե ձկնիկը», «Ես Չարլզ Բուկովսկին եմ»… Երևանի տիկնիկային թատրոնը հանդես կգա նոր բեմադրություններով

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնը մշտապես հետաքրքիր ներկայացումներ դիտելու հնարավորություն է ընձեռում ոչ միայն փոքրիկներին, այլև մեծահասակներին: Թատրոնն ակտիվ կլինի նաև 2023 թվականին՝ հանդիսատեսին ներկայացնելով նոր ու յուրահատուկ բեմադրություններ:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հիշեցրեց, որ ամիսներ առաջ հանդիսատեսի դատին են հանձնել «Կախարդական հեքիաթներ», «Հարրի Փոթեր» բեմադրությունները, իսկ առաջիկայում երեք նոր ներկայացում կլինի:

«Բեմադրվում է «Ճանապարհային արկածներ»-ը, որում հետաքրքիր խաղով երեխաներին ծանոթացնում ենք երթևեկության կանոններին: Հաջորդը Պուշկինի հայտնի «Ոսկե ձկնիկը» հեքիաթն է: Այս երկու ներկայացումները երեխաների համար են»,-նշեց նա և հավելեց՝ հասուն թատերասերների համար պատրաստում են Մարիետա Դովլաթբեկյանի «Ես Չարլզ Բուկովսկին եմ» ներկայացումը: Այն կխաղան թատրոնի փոքր բեմում:

Մարիետա Դովլաթբեկյանը կբեմադրի նաև Պուշկինի «Մոցարտ և Սալիերի» ստեղծագործությունը: Ըստ Բաբայանի՝ այն ևս հետաքրքիր ներկայացում կլինի՝ կենդանի նվագակցությամբ և վոկալով:

2024-ին լրանում է դերասան, ռեժիսոր, սցենարիստ, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Մանարյանի 100-ամյակը:  Այս առիթով Ռուբեն Բաբայանը մտադիր է բեմադրել նրա վերջին պիեսը:

«Ինչպես միշտ կհանդիպեք երիտասարդների, որոնց համար ներկայացումը կլինի առաջին մուտքը թատրոն»,-ընդգծեց Բաբայանը:

Տիկնիկային թատրոնը կներկայանա նաև միջազգային հարթակներում: Մեկ ամսից Կրակովում կխաղան «Օսկարը և վարդագույն տիկինը» ներկայացումը: Ամռանը Ղազախստանում կցուցադրվի Աղասի Մելքոնյանի «Կոկորդիլոսը» մենաներկայացումը:

«Հուսամ՝ հնարավորություն կունենանք շրջելու ՀՀ մարզերում: Մեկ ամսից մեկնելու ենք Արմավիրի զորամաս, որտեղ ներկայացում ենք խաղալու: Կյանքը շարունակվում է»,-եզրափակեց  Ռուբեն Բաբայանը: