Մհեր Սահակյանը մոտեցել է ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել․ Վլադիմիր Վարդանյանը՝ ԱԺ-ում միջադեպի մասին

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը մանրամասներ ներկայացրեց ԱԺ փակ նիստում տեղի ունեցած միջադեպից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ ճեպազրույցում Վարդանյանը նշեց, որ մարտի 31-ի առավոտյան ընդդիմության նախաձեռնությամբ տեղի էր ունեցել աշխատանքային փակ քննարկում։

« Հանձնաժողովի նիստը նորմալ հունով ընթանում էր, մի պահ հանձնաժողովի նիստի քննարկման ընթացքը խաթարվեց՝ պատգամավորները սկսեցին բավականին բարձր խոսել և ես փորձեցի Արծվիկ Մինասյանին և մնացած պատգամավորներին հորդորել վերադառնալ բովանդակային քննարկման փուլ։ Դրանից հետո իմ իրավաչափ պահանջին ի պատասխան պատգամավոր Մհեր Սահակյանը ասեց, որ ես չեմ կարող իրենց վրա ձայն բարձրացնել, իսկ ես ասացի, որ նիստը վարում եմ և շարունակում եմ վարել։ Նա մոտեցավ ինձ (արդեն կանգնել էինք) ու առանց որևիցե բան ասելու հարձակվեց ինձ վրա, հարվածեց ու դիմեց փախուստի»,- ասաց Վարդանյանը։

Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն ընդգծեց, որ որևէ քայլ չի արել դեպի պատգամավոր Մհեր Սահակյան և մնացել է այն տեղում, որտեղ կանգնած էր, նախարհարձակ չի եղել։ 

«Ինձ բոլոր ճանաչողները կփաստեն, որ 7-րդ և 8-րդ գումարման խորհրդարանում մշտապես եղել եմ այն անձը, որը փորձել եմ իրավիճակը բերել կոմպրոմիսի։ Եթե նիստի բնականոն ընթացքը խախտվում էր, ապա ընդհատում էինք նիստը կամ փորձում էինք լուծումներ գտնել։ Այս անգամ միջադեպը տևել է մեկ րոպե և, ըստ էության, ես կատարել եմ իմ իրավաչափ գործառույթները։ Ես քայլ դեպի պատգամավոր Մհեր Սահակյան չեմ կատարել և չէի էլ կարող կատարել։ Մհեր Սահակյանն է մոտեցել ինձ և առանց որևէ բան ասելու հարվածել»- նշեց Վարդանյանը։ 

Պատգամավորի խոսքով՝ հարվածի հետևանքով հոնքի հատվածում բավականին զգալի կտրվածք է առաջացել։ Վարդանյանը չի բացառում, որ հարվածը հասցվել է ինչ-որ գործիքով։

«Բավականին ծանր հարված էր։ Դատաբժշկական փորձաքննություն դեռ չեմ անցել, վաղը երևի թե կմասնակցեմ»,- եզրափակեց Վարդանյանը։