«Այս դեմարշը շատ բացասական է, Արցախի իշխանությունները պետք է օգտվեին առիթից և հանդիպեին համանախագահների հետ». Արմեն Վարդանյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է քաղաքագետ Արմեն Վարդանյանը

Պարո՛ն Վարդանյան, Արցախի նախագահը հրաժարվեց հանդիպել Հայաստանում գտնվող Մինսկի խմբի ֆրանսիացի և ամերիկացի համանախագահների հետ։ Սա ինչպե՞ս կարող է անդրադառնալ բանակցային գործընթացի վրա։

– Այս դեմարշը Արցախի իշխանությունների կողմից գնահատում եմ խիստ բացասական։ Արցախի իշխանությունները պետք է օգտվեին առիթից և հանդիպեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ։

Մանավանդ որ, սրանով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն անուղղակիորեն ճանաչում է Արցախի նախագահի կարգավիճակը։ Բացի դա, այս վերջին իրադարձություններից հետո լրջորեն վնասվել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հեղինակությունը։

Նրանք մեզանից ոչ պակաս շահագրգռված են, որ Արցախի կարգավիճակը բերվի բանակցությունների օրակարգ։ Միշտ չէ, որ նրանք գալիս են Հայաստան ու հանդիպում Արցախի նախագահի հետ։

Նախկինում եղել են դեպքեր, որ եկել են Հայաստան և միայն ՀՀ ղեկավարի կամ արտգործնախարարի հետ են հանդիպել։

Այս անգամ հանդիպում էր նախատեսված նաև Արցախի նախագահի հետ, ինչը ցավալիորեն մերժվեց Արցախի իշխանությունների կողմից՝ անհեթեթ պատճառաբանությամբ։

Հետևաբար, սա ի՞նչ հետևանք կարող է ունենալ բանակցային գործընթացի վրա։

– Ուղղակի հետևանք չի լինի։ Նրանք շարունակելու են այսպիսի քայլեր անել, որպեսզի բանակցային գործընթացը տեղափոխվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։

Դա անում են ոչ թե մեր սիրուն աչքերի, այլ նախևառաջ իրենց հեղինակությունը վերականգնելու համար, որովհետև Ռուսաստանը, Ադրբեջանը և Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին զուգահեռ իրենց սեփական խաղը տանելու գործընթաց են սկսել։

Ամեն մեկն իր շահերն ուներ այստեղ։ Ադրբեջանը բավարարված չէր բանակցային ձևաչափով, որովհետև իր ուզածը չէր ստանում։ Ցանկանում էր ստանալ 5+2 շրջան՝ դրա դիմաց ոչինչ չտալով։

Հենց Ադրբեջանի նախագահն էր 2017 թվականի աշնանը հայտարարում, որ արևմտյան գործընկերներն իր վրա ճնշում են գործադրում, որպեսզի ճանաչի Արցախի անկախությունը։

Այս պատճառով Ադրբեջանն ըստ էության փորձում էր խաթարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը։

Ռուսաստանը դրա համար այլ պատճառ ուներ, փորձում էր ցույց տալ, որ այս տարածաշրջանում հարց լուծողն ինքն է, ինչին, ի դեպ, շատ հմուտ կարողացավ հասնել։

Իսկ Թուրքիան փորձում էր խցկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափ։ Թուրքիան էլ էր քայլեր ձեռնարկում, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը խաթարվեր, ինքն էլ մտներ դրա մեջ։

Այս երեք երկրները տարիներ շարունակ փորձել են հարված հասցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին՝ իրենց շահերից ելնելով։

Հիմա, բնականաբար, դա չի բխում ԱՄՆ-ի և Ֆրանսիայի շահերից։ Նոյեմբերի 9-ին, ըստ էության, առանց ամերիկյան և ֆրանսիական կողմին տեղեկացնելու Ռուսաստանն ինքնուրույն հասավ իր նպատակին և այդ երկու երկրներին դուրս թողեց գործընթացից։

Այդ երկրները հիմա առաջին հերթին ունեն սեփական հեղինակությունը, ինչու ոչ, նաև իրենց սասանված դիրքերն այս տարածաշրջանում վերականգնելու խնդիր։

Դրա համար, անկախ նրանից, Արցախի նախագահը բոյկոտում է, թե ոչ, իրենք շարունակելու են Մինսկի խմբի ձևաչափը բերելու բանակցային գործընթաց։

– Եվ հնարավո՞ր է հայանպաստ լուծումների հասնել։

– Կարծում եմ՝ հմուտ դիվանագիտության դեպքում կարելի է, մանավանդ որ, դրա մասին արդեն բացահայտ հայտարարություններ եղան։

Մասնավորապես, Ֆրանսիան հայտարարություն արեց Հադրութի մասին։ Ընդհանրապես նոյեմբերի 9-ի հայտարարությունն ամենևին չի բխում Հայաստանի շահերից, և ցանկացած փաստաթուղթ պետք է երկկողմանի բավավարարի, ոչ թե միակողմանի։

Բացի դրանից, ես նաև դրա հետ եմ կապում Ֆրանսիայի Սենատի և ԱԺ-ի կողմից Արցախի անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևի ընդունումը։

Սրանով էլ, ըստ էության, ֆրանսիական կողմը որոշակի մեսիջներ է տալիս, որ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իր սրտով չէ, և կարող են, այո՛, հայանպաստ որոշումներ կայացվել։

Ամերիկյան կողմը բավական պասիվ էր, և դա պայմանավորված էր նրանով, որ ԱՄՆ-ում նախընտրական ու հետընտրական շրջան էր։

Կարելի է ասել, ամերիկյան կողմը գրեթե ամբողջությամբ դուրս էր մնացել գործընթացից։ Բայց ես վստահ եմ, որ շատ շուտով Բայդենի վարչակազմը քայլեր կձեռնարկի այդ բացթողումը վերականգնելու համար։

Այդ տեսանկյունից նաև շատ հնարավոր է, որ ԱՄՆ Կոնգրեսում Արցախի ճանաչման անհրաժեշտության մասին հայանպաստ բանաձևեր լինեն։

Այնպես որ, ճիշտ աշխատելու դեպքում մենք կարող ենք նույնիսկ այս ծանր վիճակից օգուտներ քաղել։

Եվ այս խաղում շատ կարևոր է, որ աշխատենք Արևմուտքի՝ Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի հետ։ Եվ այս ամենի ֆոնին Արցախի նախագահի կողմից ուղղակի հիմարություն էր ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ չհանդիպելը։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am