Տեղում Ադրբեջանի ագրեսիան կանխվել է առաջին հերթին հայկական բանակի գործողությունների արդյունքում․ Քոչարյանը՝ Զախարովայի հայտարարության մասին

ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հայտնում է, որ Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական ագրեսիան կասեցնելու հարցում ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, սակայն խնդիրը լուծվել է առաջին հերթին Հայաստանի Զինված ուժերի գործողությունների արդյունքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քոչարյանն այս մասին ասաց խորհրդարանական ճեպազրույցում՝ անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը քայլեր է ձեռնարկել՝ լարվածությունը թուլացնելու համար, մասնակցություն է ունեցել դադարեցնելու գործում:

«Կասկածի տակ չեմ դնում Մարիա Զախարովայի ասածները, որ ՌԴ-ն ինչ-որ ձևաչափով մասնակցել է, բայց, այնուամենայնիվ, կռվել է ՀՀ ԶՈՒ-ն: Եթե մենք չկռվեինք, զոհեր չտայինք, ինչքան ուզում է թող ՌԴ արտաքին գերատեսչությունն աջ ու ձախ զանգեր աներ, դա խնդրի լուծման չէր տանելու: Խնդիրը լուծվել է առաջին հերթին մեր ԶՈՒ-ի և մեր զինվորականության քաջարի գործողությունների արդյունքում»,-ասաց պատգամավորը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհանիսյանն էլ, անդրադառնալով Զախարովայի հայտարարությանը, որ Ռուսաստանը Հայաստանից պարզաբանում է խնդրել ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններին մասնակցելու վերաբերյալ, ասաց, որ Հայաստանի Հանրապետությունն առաջ է շարժվում ՀՀ պետական շահերով և ամեն ինչ անում է իր ԶՈՒ մարտունակությունը բարձրացնելու ուղղությամբ, ու այդպես էլ շարունակվելու է:

«Հայաստանը իր ռազմավարական գործընկերոջ հետ շարունակում է ջերմ, բարեկամական, ռազմավարական հարաբերությունները, իր ջերմ հարաբերությունները շարունակում է նաև այլ երկրների մեր գործընկերների հետ և ամեն ինչ անում է՝ ի նպաստ ՀՀ ԶՈՒ զարգացման և մարտունակության բարձրացման»,-ասաց խմբակցության քարտուղարը: