Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ այսօր Դիլիջանում մեկնարկել են ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի երկրորդ նիստի աշխատանքները, որոնք ընթանալու են ապրիլի 15-16-ը՝ ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում:
Նիստի սկզբում վարչապետ Փաշինյանը հանդես է եկել բացման խոսքով, որում մասնավորապես, նշել է.
«2022 թվականի արդյունքներով` Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է 12,6 տոկոս տնտեսական աճ և այս ցուցանիշով ՀՀ-ն, ինչպես նախորդ օրը պարզվեց միջազգային կազմակերպությունների հրապարակումներից, 4-րդն է աշխարհում, ինչը շատ կարևոր ցուցանիշ է: Եվս մի քանի կարևոր թվեր կուզենայի նշել:
2022 թվականին 2017 թվականի համեմատ պետական բյուջեի հարկային եկամուտներն աճել են ավելի քան 2 մլրդ դոլարով և 66,3 տոկոսով, 2018 թվականի համեմատ` 1,8 մլրդ դոլարով և 53 տոկոսով, ինչը նույնպես շատ կարևոր ցուցանիշ է, այդ թվում` մեր քաղաքական հանձնառությունների տեսակետից:
2022 թվականի դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունում արձանագրել ենք գրանցված աշխատատեղերի պատմական ամենաբարձր ցուցանիշը` 704 հազար աշխատատեղ է արձանագրվել և 2022 թվականի արդյունքներով` ունենք 13 տոկոս գործազրկություն, ինչը վերջին տասնամյակի համար էականորեն ցածր ցուցանիշ է, իսկ երրորդ եռամսյակում գործազրկությունը նվազեց և հասավ 11,6 տոկոսի:
Պետք է արձանագրենք, որ 2023 թվականի առաջին եռամսյակի արդյունքները նույնպես քաջալերող են, շարունակում ենք գտնվել երկնիշ տնտեսական աճի ցուցանիշի մեջ: Առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է 10 տոկոսից և նաև պետական բյուջեի եկամուտները 2017 թվականի առաջին եռամսյակի համեմատ, ըստ էության, կրկնապատկվել են, իսկ 2018 թվականի առաջին եռամսյակի համեմատ 92 տոկոսի չափով են ավելացել, իհարկե, չհաշված եկամտային հարկի վերադարձի ցուցանիշները: Այդ վերադարձը եթե հաշվի առնենք, ապա առաջին եռամսյակի բյուջետային եկամուտներն, ըստ էության, ավելացել են 97 տոկոսով:
Այս ցուցանիշների հետ մենք իհարկե ունենք զուտ տնտեսական բնույթի մարտահրավերներ, և կարծում եմ, որ կառավարության համար առաջնային խնդիր է` առաջինը, ավելի արդյունավետ հավաքագրել հարկային եկամուտները և նույնքան կարևոր խնդիր է արդյունավետ ծախսեր իրականացնել: Ցավոք, մենք չենք կարող ասել, որ օրինակ` կապիտալ ծախսերի հատվածում հասել ենք մեր ակնկալած արդյունավետությանը, և այս առումով, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի մեր քննարկումների արդյունքներով կարողանանք որոշակի եզրակացությունների հանգել: Չնայած պետք է ասեմ, որ դա կառավարության համար գրեթե ամենշաբաթյա, եթե չասենք ամենօրյա քննարկումների առարկա է:
Իհարկե մեր երկրի առաջ ծառացած մարտահրավերները հաշվի առնելով` պետք է արձանագրենք տնտեսության և տնտեսական զարգացման անկյունաքարային դերը, որովհետև, երբ խոսում ենք տնտեսության մասին, ըստ էության, պետք է արձանագրենք, թե ինչ արդյունք ենք կարողանում գեներացնել: Հնարավորինս արդյունավետ ծախսման արդյունքում պիտի կարողանանք հասցեագրել այն մարտահրավերները, որոնց առաջ կանգնած է մեր երկիրը:
Եվ այսօր մենք նաև օրակարգում ունենք ինստիտուցիոնալ զարգացմանն առնչվող կարևոր թեմաներ, մասնավորապես առողջապահության ապահովագրությանը և համընդհանուր հայտարարագրման համակարգին առնչվող, որոնք հավատում ենք, որ ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական և պետական ինստիտուտների կայացման առումով պիտի շատ կարևոր էֆեկտ ունենան: Սրա համար էական է, որ մենք կարողանանք նախանշվող և սկսված բարեփոխումներն իրականացնել մաքսիմալ արդյունավետ»: