Ի՞նչ է լինելու ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացի ապօրինի միգրանտների հետ, եթե նրանք սահմանված ժամկետում չլքեն երկիրը. ներկայացնում է Գագիկ Եգանյանը

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Միգրացիոն պետական ծառայության նախկին պետ Գագիկ Եգանյանը

– Ռուսաստանի ներքին գործերի ներկայացուցիչը հայտարարել է 61 հազար ՀՀ քաղաքացիների ՌԴ-ի տարածքը լքելու անհրաժեշտության մասին: Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը, եթե նրանք չվերադառնան, նրանց արտաքսո՞ւմ է սպառնում:

– Դա Ռուսաստանի ներքին գործերի առաջին փոխնախարարի հայտարարությունն է, որը վերաբերում է անօրինական միգրանտներին: Ամեն մի երկիր, այդ թվում նաև՝ Հայաստանը, օր առաջ ուզում է ազատվել իր տարածքում ապօրինի գտնվող օտարերկրացիներից:

Դա ցանկացած երկրի ինքնիշխանության դրսևորում է նաև, որ եթե մարդը օրենքից դուրս է գտնվում իր երկրի տարածքում, չունի բնակվելու իրավունք, օր առաջ ուզում են ազատվել:

Ռուսաստանի պարագայում դա բացառություն չէ: Անշուշտ արտաքսում է լինելու, բայց արտաքսման տարբեր ձևեր կան: Չի բացառվում, որ նրանց տանեն անօրինական միգրանտների համար նախատեսված կենտրոններ, որտեղ պայմանները չէի ասի, թե փայլուն են:

Երկար ժամանակ մարդիկ այդտեղ մնում են, մինչև ինչ-որ մեկը կարող է նրանց տեղափոխման ծախսերի հետ կապված օգտակար լինի:

Չնայած Ռուսաստանը շատ դեպքում կարողանում է նաև այդ ծախսերն էլ հոգալ, բայց հաճախ, երբ մարդը ստիպված է այդ կենտրոններում մնալ, մարդը ուզում է օր առաջ իր միջոցներով վերադառնալ: Ինչքան հիշում եմ, ՌԴ ՆԳ առաջին փոխնախարարը կոչ էր արել, որ այդ մարդիկ օր առաջ իրենց միջոցներով մեկնեն իրենց երկիր:

Դա շատ նորմալ է, ցանկացած երկիր կձգտի, որ իր երկրի տարածքում անօրինական գտնվողները դուրս գան: 

– Արտաքսման դեպքում նրանք միայն Հայաստա՞ն կարող են գալ:

– Այո՛, անձին արտաքսում են այն երկիր, որի քաղաքացի է նա, կամ եթե քաղաքացի չէ, այդ երկրում մշտական բնակության իրավունք ունի: 

– Խոսքը այս դեպքում միայն աշխատանքային միգրանտների մասին չէ, այո՞:

– Ռուսաստանի իշխանություններն իրենց տեղեկատվական շտեմարաններում նայում են, որ օտարերկրացի X անձը մտել է Ռուսաստանի Դաշնություն, լրացել է նրա վիզայի ժամկետը, և երևում է, որ դրանից հետո ինքը չի դիմել, որ իր բնակությունը օրինականացնի, այսինքն՝ ձեռք բերի ժամանակավոր բնակության իրավունք:

Ռուսաստանում անձը առանց որևէ կարգավիճակի կարող է մնալ 90 օր: 91-րդ օրը, եթե չեմ դիմել պատկան մարմիններին, այդ օրվանից ես անօրինական վիճակում եմ գտնվում:

Ես կարծում եմ, որ իրենք այդ տեղեկությունների հիման վրա են հայտարարում, թե որ երկրից քանի անօրինական միգրանտ կա Ռուսաստանի տարածքում:

Նրանք հավանաբար այդ 61 հազարի տեղը կոնկրետ չգիտեն, դրա համար կոչ են ուղղում այդ մարդկանց, ասում են՝ քանի որ դուք ապօրինի եք գտնվում ՌԴ-ում, վերադարձեք ձեր երկիր: Հակառակ պարագայում, եթե հայտնաբերվեցիք, ձեզ կտանեն այդ կենտրոններ, կպահեն, կտեսնեն գումար ունի, թե չունի, փաստաթուղթ ունի, թե չունի: 

– Այսինքն մենք գործ ունենք անօրինական միգրացիայի հետ, և այստեղ կապ չունի՞, որ մենք ԵԱՏՄ անդամ երկիր ենք:

– ԵԱՏՄ-ն լրիվ այլ պատմություն է: Եթե անձը մտել է Ռուսաստանի Դաշնություն, համակարգը ցույց է տալիս, որ մտել է, 90 օր հետո համակարգը ցույց է տալիս, որ դուրս չի եկել երկրից, աշխատանքային պայմանագիր էլ չունի:

Եթե աշխատանքային պայմանագիր ունենար, այդ հիմքով կարող էր իր ՌԴ-ում գտնվելը օրինականացնել, որովհետև ԵԱՏՄ-ն դա թույլ է տալիս: Բայց եթե այդ պայմանագիրը չկա, նշանակում է 91-րդ օրը նա պարզապես գնացել է, ասենք, իր աղջկա ընտանիքում ապրում է: Եթե անձը մտել է երկիր ու 90 օրվա մեջ ձեռք չի բերել որևէ կացության կարգավիճակ, այսինքն՝ չունի աշխատանքային պայմանագիր կամ աշխատում է անլեգալ, ապա նա անօրինական է այդ երկրում: 

– Ռուսաստանի դեպքում հե՞շտ է այնտեղ աշխատանքի կամ ապրելու իրավունք ձեռք բերել, թե՞ ոչ:

– Ամեն երկիր իր օրենսդրությամբ է սահմանում իր խաղի կանոնները: Ես կարող եմ ասել, որ ՀՀ քաղաքացիների պարագայում Ռուսաստանում դյուրությունները շատ են՝ կապված ԵԱՏՄ-ի հետ:

Եթե, ասենք՝ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող Թուրքմենստանի քաղաքացին պետք է աշխատանքի համար հատուկ թույլտվություն վերցնի, իսկ դա նշանակում է երկար թղթաբանություն, ապա Հայաստանի քաղաքացու համար դա չկա: Միայն ասում են՝ աշխատանքը, որ կատարում ես, պատշաճ ձևակերպիր, իսկ դա, որպես կանոն, պայմանագիր կնքելն է:

Այդ պայմանագիրը արդեն բավարար է, որ անձին բնակության իրավունք տրվի: Այդ առումով մենք այլ երկրների քաղաքացիներից ավելի նպաստավոր պայմաններում ենք գտնվում: Ամեն դեպքում, անձը Ռուսաստան մեկնելուց առաջ լավ կլինի, որ այս ամբողջ տեղեկատվությանը տիրապետի, որ հետագայում անցանկալի վիճակում չհայտնվի: 

– Իսկ արտաքսվելու դեպքում քաղաքացին որքա՞ն ժամանակ չի կարող այցելել այդ երկիր:

– Նայած ինչպիսի դեպք է: Որքան ավելի երկար ժամանակ է քաղաքացին ապօրինի ապրել այդ երկրում, այդքան ավելի երկար ժամանակով են արգելում նրա մուտքը: Այսինքն՝ կախված է նրանից, թե ինչպիսի խախտում է անձի մոտ հայտնաբերվել: Մինչև անգամ 10 տարով կարող են մուտքի արգելանք դնել:

Մանե Հարությունյան

MediaLab.am