Արմեն Չարչյան․ Պատիժը

Մհեր Արշակյան

Երեկ բժիշկները հավաքվել էին դատախազության մոտ և պահանջում էին ազատ արձակել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ 539 բժիշկ բաց նամակով դիմել է հանրությանը՝ հիշեցնելու համար, թե ով է բժիշկ Չարչյանը։ 

Նամակում բժիշկները զգուշացնում են հանրությանը՝ մեր հոգին լքում է մեզ, ենթադրում ենք, որ վաղը չենք կարողանալու բուժել հոգով։ 

Այնուհետև շարունակում են՝ ենթադրում ենք, որ վաղը չենք կարողանա հավատարիմ լինել Հիպոկրատին, մյուս օրը կարող ենք ալեկոծել փողոցները։ Բժիշկների խղճին թողնենք այս սպառնալիքները։ 

Այսինքն՝ վաղը եթե մեկը վիրահատարանում մահանա, ի՞նչ են ասելու հարազատին՝ Չարչյանը բռնված է, մեր մատներն էլ դողո՞ւմ էին։ Կամ՝ մեր հոգին այստեղ չէ՞, դատախազությունո՞ւմ է։ 

Կամ՝ երբ Չարչյանը բռնված է, մենք չգիտե՞նք ինչ ենք անում այստեղ՝ վիրահատարանում։ Շատ տարօրինակ է։ Դատախազությունը պրոֆեսոր Չարչյանով զբաղվում է ըստ կատարած արարքի, մարդը ընտրողի վրա ճնշում է գործադրել, մարդը իր նման մյուս բժիշկների աչքերի մեջ նայելով ասել է՝ ստուգելու եմ՝ գնացե՞լ եք ընտրությունների, թե՞ ոչ։ Հետո հիշեցրել է, որ հեսա անձեռնմխելիություն է ձեռք բերելու պատգամավոր դառնալու շնորհիվ։ 

Սա նշանակում է, որ ընտրություններից հետո Չարչյանն ավելի լուրջ սպառնալիք կարող է լինել իր աշխատակիցների համար, քան կար մինչև ընտրությունները։ 

Ես, իհարկե, կզգուշանայի կալանավորել շաքարային դիաբետով հիվանդ մարդուն։ Ավելին, հիվանդ բժշկին ձերբակալելը, ըստ իս, պակաս անմարդկային չէ։ 

Բայց իմ ականջների մեջ են դեռ նրա սպառնալիքները։ 

Քե՞զ ինչ, թե ով կգնա ընտրության և ով չի գնա։ Վախենում եմ ասել, որ բժիշկ Չարչյանն Աստված չէ նման սպառնալիքների համար, որովհետև երեկ դատախազության դիմաց բաց նամակ կարդացողն ասաց՝ պրոֆեսոր Չարչյանը հասարակ մահկանացու չէ։ Ահա թե ինչու նա կարող է անել այն, ինչն արել է։ 

Գուցե ընդհանրապե՞ս մահկանացու չէ։ Բայց մահկանացու է, չէ՞։ Գուցե չեք լսել, բայց բոլոր օրենքները տարածվում են մահկանացուների վրա։ Եթե դուք գիտեք մահկանացուի, որի վրա օրենքները չեն տարածվում, ինքը մարդ չէ։ 

Իսկ ո՞վ է խոսում նրա հասարակ լինելուց։ Ոչ հասարակ մահկանացուն, որը նաև «ընկեր է, եղբայր ու գործընկեր», պետք է այդպիսին լինի նաև նրանց հանդեպ, որոնց սպառնում է։ Սպառնացող բժիշկը, թույլ տվեք ասել, պատիժ է։ 

Ասում է՝ մեր մատները վաղը դողալու են վիրահատելիս։ Իսկ էդ սպառնալիքները լսած մյուս բուժաշխատողների մատները սկսելու են պարե՞լ վաղվանից։ Դուք սպառնալիս առողջ եք, իսկ դրա համար պատասխան տալիս՝ տկա՞ր, անզո՞ր։ 

Այդպես լինո՞ւմ է։ 

Բժիշկ Չարչյանը ափսոսանքի զգացում չունի իր արածի համար, ընտրողի ազատ կամքի իրականացմանը մարդը խոչընդոտել է գոնե ըստ մեղադրանքի։ Ահա թե ինչու են նրան կալանավորել։ Եվ դուք ձեր տեքստերով խանգարում եք ափսոսանքի նրա զգացումի ձևավորմանը։ Դուք սովոր չեք նման մեղադրանքի, ահա թե ինչն է ձեզ բերել դատախազության դուռը։ Ու հասկանալի է՝ դուք չեք կարող բժշկի մեղավորությունը վերցնել ձեզ վրա։ 

Նորից եմ ասում՝ ես չէի կալանավորի այդ մարդուն, քրեական գործը հերիք է, և կրելիք պատասխանատվությունը նրան ի վերջո կդարձնի հասարակության անդամ։ 

Գուցե կդարձնի։ 

Բայց գիտե՞ք ինչի մասին է ձեր բաց նամակը, բացի նրանից, որ բժշկի արածի համար ափսոսանքի զգացում չունեք, ոչ դուք, ոչ էլ պրոֆեսոր Չարչյանը։ 

Ձեր նամակն այն մասին է, որ մեր կալանավայրերը հիվանդին օգնելու բժշկական երաշխիքներ չունեն, հիվանդ մարդն այնտեղից կարող է կենդանի դուրս չգալ։ Ինչո՞ւ մի անգամ այսպիսի խնդրով փողոց դուրս չեկաք, մարդը վախենում է հիվանդանալ կալանավայրում, իսկ հիվանդն էլ երաշխիք չունի, որ կենդանի դուրս կգա կալանավայրից։ 

Ի դեպ, երբ սպանեցին բժիշկ Վահե Ավետյանին, ինչո՞ւ 539 բժիշկների մեկ քառորդն անգամ փողոց դուրս չեկավ։ 

Մհեր Արշակյան

MediaLab.am