Կարո Փայլանը պատմել է Թուրքիայի մեջլիսում իրեն լինչի դատաստանի ենթարկելու փորձերի մասին. Ermenihaber

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանը թուրքական «Artı gerçek» ընդդիմադիր լրատվակայքին տված հարցազրույցում ամփոփել է 8 տարվա պատգամավորական գործունեությունը:Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը:

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության անդամ Փայլանը անդրադարձել է նաև քաղաքական գործունեությամբ պայմանավորված իր նկատմամբ իրականացված թիրախավորման արշավներին ու լինչի դատաստան տեսնելու փորձերին:

Փայլանի խոսքով՝ նա հատկապես ազդվել է մեջլիսում 2016-ին ծագած վեճից, երբ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) 8-10 պատգամավոր «Հայն այստեղ է, Գարոն այստեղ է» բացականչելով հարձակվել ու բազմաթիվ հարվածներ էին հասցրել նրան: Դա իր համար ծանր է եղել ոչ այնքան հարվածներն ու դրանց հետևանքով ստացած ուղեղի ցնցումը, այլ ատելության խոսքը, որը կիրառվել է իր հարձակման ժամանակ:

Փայլանը հիշեցրել է նաև 2022-ին  Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին Թուրքիայի խորհրդարան (մեջլիս) օրինագիծ ներկայացնելու պատճառով իր նկատմամբ սկսված արշավը, որը սկսվեց ազգայնական «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեների կոշտ հայտարարությունից հետո: Ավելի քան 2 շաբաթ քաղաքական դաշտի մի շարք գործիչներ իրենց հայտարարություններով թիրախավորեցին հայ պատգամավորին:

Դրան միացան մի շարք լրատվամիջոցներ՝ որոնցում հրապարակված հոդվածներում Փայլանը ստացավ բազմապիսի վիրավորական պիտակավորումներ՝ մեղադրվելով մինչև անգամ դավաճանության մեջ: