Հայտնի է՝ որ երկրում կարիերան կշարունակի Էրիկ Իսրայելյանը

19-ամյա հայ բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը պայմանագիր է կնքել կանադական Eye Of The Tiger կազմակերպության հետ:Այս մասին գրում է armsport-ը։

«Հայտնի սիրողական բռնցքամարտիկ Էրիկ Իսրայելյանը որոշել է պրոֆեսիոնալ դառնալ Eye of the Tiger Management-ի հետ: 19-ամյա հայ մարզիկը, որը մենամարտելու է կամ 59 կգ կամ 61 կգ քաշային կարգում, պետք է Մոնրեալ ժամանի մայիսին՝ հույսով, որ կարող է իր դեբյուտը նշել կանադական կազմակերպության հունիսի 1-ին կայանալիք շոուում:

Նրան կմարզի Ջեսի Ռոս Թոմփսոնը (նույն մարզիչը, որը մարզում է ծանրքաշային Սայմոն Քինին) Մարկ Ռեմզիի գլխավորությամբ։ Միտքն այն է, որ հետագայում Իսրայելյանը մշտապես տեղափոխվի Մոնրեալ»,- այս մասին գրում է RingTV-ն։

Հիշեցնենք, որ բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների առաջնությունների 2022 թվականի հաղթող Էրիկ Իսրայելյանն  իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել՝ դժգոհություն հայտնելով որպես բռնցքամարտիկ պետության աջակցության բացակայությւոնից։ Իսրայելյանը հայտարարել էր, որ պատրաստվում է հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից և հանդես գալ այլ երկրի դրոշի ներքո։

«Մինչ այսօր ինձ ոչ մի բան չեն արել իմ տիտղոսների համար։ Միշտ ուզել եմ իմ հայ ազգի դրոշը բարձրացնեմ, օրհներգը հնչեցնեմ, ուղղակի ես ել եմ մարդ ու պետք չի էդպես անել հայ ասզգի չեմպիոնի հանդեպ»,- իր գրառման մեջ, մասնավորապես, նշել էր բռնցքամարտիկը։