Ֆրանսիայի նախագահի թեկնածուի հայտարարությունը ներկայացվում է որպես սենսացիա, սակայն այն արվել է ավելի քան երկու տարի առաջ։
Հայաստանյան մամուլում օրերս ակտիվորեն շրջանառվում է Ֆրանսիայի՝ 2017թ. նախագահի թեկնածու Մարին Լը Պենի հայտարարությունն այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկալի լուծումը կլինի հնարավորություն տալը Ղարաբաղին վերամիավորվել Հայաստանի հետ։ Լը Պենի վերոնշյալ հայտարարությունն արվել է ուղիղ երկու տարի առաջ, երբ վերջինս ակտիվորեն պայքարում էր Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթելու համար և կարիք ուներ ստանալու ֆրանսահայերի աջակցությունը։
Պատահական չէ, որ սույն հայտարարությունը Լը Պենն արել է Nouvelles d’Armenie-ին տված հարցազրույցի ժամանակ՝ թիրախավորելով ընտազանգվածին։
ԳԱԼԱ հեռուստաընկերությունը երկու տարի անց հրապարակել է Մարին Լը Պենի հին հայտարարությունը՝ ներկայացնելով այն որպես նոր, սենսացիոն իրադարձություն։ Լը Պենի՝ Արցախը Հայաստանի հետ վերամիավորելու մասին «սենսացիան» տարածել էնաև Hayeli.am-ը։ Վերջինս նույնպես հայտարարությունը որպես նորություն է ներկայացնում։
Հատկանշական է, որ վերջին ամիսներին հին իրադարձությունները որպես նոր ներկայացնելը դարձել է յուրատեսակ մշակույթ-հիվանդություն հայաստանյան լրատվադաշտում։