ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանը մասնակցել է Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում լինգաֆոնային լսարանի բացմանը

«Միջազգային կրթություն և վարժանք» ծրագրի շրջանակներում (IMET), ամերիկյան կառավարության աջակցությամբ, ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) ստեղծված լինգաֆոնային լսարանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով մայիսի 16-ին ՊԱՀՀ են այցելել ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը, Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Ալիսոն Քվինը, բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարությունից, հանդիպմանը մասնակցել են ՊԱՀՀ-ի ղեկավար և պրոֆեսորադասախոսական կազմերը: Դեսպան Քվինին ներկայացվել են ՊԱՀՀ-ի ստեղծման պատմությունը, գիտահետազոտական, կրթական և գիտահրատարակչական գործունեությունը և ընթացիկ ու ապագա ծրագրերը:

Ըստ աղբյուրի՝ ՊԱՀՀ-ի պատվավոր հյուրերի գրառման մատյանում դեսպան Քվինը իր բարձր գնահատանքն ու տպավորություններն է նշել համալսարանի արդյունավետ գործունեության վերաբերյալ: