Մոսկվա-Երևան չվերթի օդանավում առաջացած խնդրից հետո ուղևորներ են հոսպիտալացվել

Մոսկվա-Երևան չվերթի օդանավում առաջացած խնդրից հետո ուղևորներ են հոսպիտալացվել
Մոսկվա-Երևան չվերթի օդանավում առաջացած խնդրից հետո ուղևորներ են հոսպիտալացվել

Nordwind ավիաընկերության՝ Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Boeing 737 օդանավում ծուխ է առաջացել, ուղևորներին տարհանել են: Արդյունքում 2 ուղևոր հոսպիտալացվել է:

Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Շերեմետևո» օդանավակայանի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Աննա Զախարենկոն, տեղեկացնում է Factor.am-ը: Նա նշել է, որ օդանավակայանի և ավիաընկերության ծառայություններն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել ուղևորներին. նրանց տերմինալ են հասցրել, տաք սնունդ մատակարարել, տեղափոխել ուղեբեռն ու վերաձևակերպել չվերթը: Օդանավի անձնակազմը չվերթը դադարեցրել է «Շերեմետևո» օդանավակայանի թռիչքուղու վրա, երբ սրահում ծուխ է առաջացել:

Օդանավում հրդեհ չի բռնկվել: Օդանավում 173 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է եղել: Տարհանման ժամանակ 8 ուղևոր է տուժել: Ավելի ուշ ուղևորները Երևան են հասել պահուստային օդանավով, 28 մարդ, սակայն, հրաժարվել է թռիչքից: «Ռոսավիացիան» հանձնաժողով է ստեղծել՝ միջադեպը հետաքննելու համար: Միաժամանակ, Մոսկվայի տրանսպորտային դատախազությունն ու Քննչական կոմիտեն ստուգումներ են սկսել «Շերեմետևո»-ում: