«Գեոպրոմայնինգը» պաշտոնապես հայտարարեց Սոթքի բաց հանքի շահագործումը դադարեցնելու մասին

«Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է» վերտառությամբ «ԳՊՄ ԳՈԼԴ» ընկերության մամուլի ծառայության հայտարարությունը ներկայացնում ենք ստորև.

«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։

Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։ Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։

Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։ Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։

Այդպիսով, ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր)։ Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի»,- ասվում է հայտարարության մեջ։