Պարտության միֆեր. ինչպես երազանքները կործանեցին իրական Հայաստանը

Լուսանկարում Ստեփանակերտը (*REUTERS)

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմը մեզ համար ավարտվեց պարտությամբ: Քաղաքագետ, ԱՄՆ Լիհայի (Lehigh) համալսարանի դասախոս Արման Գրիգորյանը կարծում է, որ պարտությունը կապված էր նաև մի շարք միֆերի հետ, որոնք գեներացվել էին վերջին տասնամյակների ընթացքում՝ ձևավորելով ոչ միայն մեր ինքնությունն ու պատկերացումները՝ ինքներս մեր և աշխարհի մասին, այլև ներքին և արտաքին քաղաքական սպասելիքները:

Ըստ քաղաքագետի՝ միֆերը էմոցիոնալ գրավչություն ունեցող պատմություններ կամ պատումներ են, փախուստ իրականության կապանքներից ու սահմանափակումներից։ Դրանք բավականին անվնաս են որպես ֆոլկլոր, հաճախ նույնիսկ շատ գրավիչ՝ որպես մշակութային երևույթ, բայց կործանարար են, երբ դրանց վրա սկսում են քաղաքականություն կառուցել:

«Քաղաքականությունը պետք է կառուցվի բացառապես իրականության պարտադրած սահմանափակումների ու օրինաչափությունների վրա։ Ճիշտ այնպես, ինչպես կամուրջները։

Կամուրջները, որոնք կառուցված են ֆիզիկայի օրենքների խախտմամբ, անպայման փլուզվում են։ Քաղաքականությունը, որն արհամարհում է քաղաքականության օրենքներն ու օրինաչափությունները, նույնպես անխուսափելիորեն աղետի պատճառ է դառնում»,- ասում է նա։

Քաղաքագետն առանձնացրել է մի քանի միֆեր, որոնք հանգեցրել են այս իրողությանը: Դրանցից առաջինը ձևակերպվում է որպես «Մեր դատն արդար է»:

Գրիգորյանի կարծիքով՝ սա, իհարկե, առասպել չէ ինքնին և ամբողջապես կտրված չէ նյութական ու քաղաքական իրականությունից։ Սա նորմատիվ փաստարկ է` արտածված ազատության ու արդարության մասին համամարդկային նորմերից:

«Ես սրա հետ որևէ խնդիր չունեմ։ Մասնավորապես` գտնում եմ, որ Արցախի ժողովուրդը նույն իրավունքն ուներ որոշելու, թե ում սուվերենության ներքո է ուզում ապրել, ինչպես ֆինները կամ վիետնամցիները։

Նրանց ազգայնականներ կամ սեպարատիստներ կոչելը նույնքան արդարացված է, որքան ֆիններին ու վիետնամցիներին, որովհետև վերջիններս էլ չեն ուզում, համապատասխանաբար, Ռուսաստանի կամ Չինաստանի քաղաքացի դառնալ։

Ինքս տասնյակ թեժ բանավեճեր եմ ունեցել արևմտյան տարբեր լսարանների առջև, որտեղ այս փաստարկներն եմ պաշտպանել։

Առասպելականն այստեղ այն է, որ մենք սկսեցինք մտածել, թե մեր նորմատիվ դիրքորոշման արդարացիության մեջ մեր համոզվածությունն է հիմնական բանը, որ պետք է պայմանավորի մեր քաղաքականությունը, այլ ոչ այն փաստը, որ մենք այդ հարցում բացարձակապես որևէ աջակցություն չունեինք և որ առանց աջակցության չէինք կարող դա աշխարհին պարտադրել, ինչպես, ասենք, անում է Ռուսաստանը՝ Ղրիմի կարգավիճակի հարցում»,- ասում է նա։

Ըստ քաղաքագետի՝ մեր քաղաքական բանավեճը վերածվեց իրար հետ տարբեր լեզուներով խոսող մարդկանց երկխոսության, երբ մի խումբը պնդում էր, որ Արցախն իրավունք ունի անկախանալու կամ Հայաստանին միանալու, իսկ նրանց ընդդիմախոսներն ասում էին, որ դա ճիշտ է, բայց դրան հասնելը տեսանելի ապագայում իրատեսական չէ, և քաղաքականությունը չի կարելի կառուցել այն բանի վրա, թե ինչն է արդար։ Քաղաքականությունը պետք է կառուցել այն բանի վրա, թե ինչն է հնարավոր:

«Առաջին խումբը երկրորդին չէր ասում՝ ո՛չ, իրատեսական է, ասում էր` դուք դավաճան եք, դուք չեք ուզում, որ Արցախն անկախանա։ Երկրորդ խումբն ասում էր, որ իրենց ցանկությունները նշանակություն չունեն, որ իրենք շատ են ուզում Արցախն անկախ տեսնել, բայց դա պարզապես իրատեսական չէ։

Առաջիններն ավելի բարձր էին գոռում` դավաճաններ, ազգադավներ և այլն։ Այսինքն` այս բանավեճի մի կողմը կտրականապես մերժում էր իրականությունն ընդունել այնպես, ինչպես կա և քաղաքականությունը կառուցել դրա հիման վրա։

Նրանք սեփական ցանկությամբ էին փոխարինել իրականությունն ու այն դարձրել քաղաքականության հիմք։ Նրանք որոշել էին, որ կարևոր չէ, թե ինչն է հնարավոր, այլ այն, թե ինչն է արդար։ Իսկ դա քաղաքականության վերաբերյալ կատարելապես միֆականացված պատկերացում է։ Եվ, իհարկե, նրանք դոմինանտ կողմն էին այս «բանավեճում»»,- ասում է քաղաքագետը:

Երկրորդ կործանարար միֆը այն է, թե հնարավոր է 1994 թ. զինադադարով ստեղծված ստատուս քվոն պահել որքան ուզենք, ժամանակը մեր դեմ չի աշխատում:

«Ադրբեջանի տնտեսությունն աճում էր ավելի արագ, Ադրբեջանի ռազմական բյուջեն աճում էր համապատասխանաբար։ Նրանք ժողովրդագրության խնդիր չունեին, մենք ունեինք։

Ամբողջ աշխարհը մեզ միաբերան ասում էր՝ պետք է դուրս գաք գրաված տարածքներից։ Դա ասում էր նաև մեր միակ դաշնակիցը։ Թուրքիայի աջակցությունն Ադրբեջանին գնալով ավելի բացահայտ ու զգալի էր դառնում։ Իսկ ի՞նչ էր ասում Հայաստանի կուսակցությունների, պետական գործիչների ու վերլուծաբանների գերակշիռ մեծամասնությունը։

Ասում էր՝ եթե կոռուպցիան հաղթահարենք ու մեր տնտեսությունն ավելի դինամիկ դարձնենք, մենք կարող ենք հետ չմնալ, Ռուսաստանը կկանգնի մեր թիկունքին, սփյուռքը կօգնի, Ադրբեջանը կոռուպցիայի ու փնթիության մեջ թաղված երկիր է, ադրբեջանցիները կռվել չգիտեն, մեր բանակն ամենամարտունակն է։ Այս ամենը կա՛մ իրականության կատարյալ խեղաթյուրում էր, կա՛մ իրականության շատ լուրջ աղավաղում»,- ասում է բանախոսը:

Հաջորդ միֆը, որ առանձնացնում է Արման Գրիգորյանը, այն է, թե ադրբեջանցիներն ու թուրքերն ինչ-որ զիջումներով չեն բավարարվելու։ Նրանք ուզում են գրավել ամբողջ Արցախն ու Հայաստանը, իսկ հայերին բնաջնջել։ Զիջումները միայն հեշտացնելու են նրանց գործը։

Քաղաքագետն այս միֆը համարում է հիմնական հաղթաթուղթ, քանի որ դրան հատկապես դժվար էր ինչ-որ բան հակադրելը. թուրքերը մեզ կոտորել էին, ադրբեջանցիները Սումգայիթի, Բաքվի ջարդերն էին կազմակերպել, նրանք որևէ զղջման նշան ցույց չէին տալիս, հակառակը՝ նրանց հռետորաբանությունը թաթախված էր ատելության մեջ, և այլն։

Եթե նույնիսկ ատելության ու մեզ բնաջնջելու հարցը մի կողմ դնեինք, որևէ կասկած չկա, որ նրանք մտադրություններ ունեին առնվազն ամբողջ Արցախի վրա վերահսկողություն սահմանելու, հետևաբար, գրավյալ տարածքների զիջումը պարզապես վերացնելու էր այդ անվտանգության բուֆերն ու հեշտացնելու էր Արցախի վրա հարձակումը։

«Սա, իհարկե, առաջին հայացքից լուրջ փաստարկի է նման։ Սրանում որոշակի տրամաբանություն էլ կար, որոշակի փաստական հիմք էլ։ Բայց, ի վերջո, սա նույնպես միֆականացված դիրքորոշում էր։

Սա իրական պատճառը չէր փոխզիջումների միջոցով խաղաղության ծրագիրը մերժելու, այլ պատճառաբանություն։ Սա միֆականացված դիրքորոշում էր, որովհետև մի կողմից այդ տարածքները զիջելու անհրաժեշտության վերաբերյալ միջազգային կոնսենսուս կար, ինչը նշանակում էր, որ այդ բոլոր փաստարկները գրոշի արժեք չունեին, մյուս կողմից՝ մեզ տրամադրվում էին վերոհիշյալ մտավախությունները փարատող բավական լուրջ երաշխիքներ։

Մասնավորապես, խաղաղ լուծման դեպքում վերադարձվող տարածքները դառնում էին ապառազմականացված գոտի (համեմատեք դա ներկա վիճակի հետ, երբ մեր սահմանները երկարել են ավելի քան 500 կիլոմետրով ու դրա ամբողջ երկայնքով տեղակայված է ադրբեջանական բանակը), այդ տարածքներում տեղակայվում էին խաղաղապահ ուժեր (այսինքն` մեզ վրա հարձակվելու համար ադրբեջանցիները պետք է նախ դրանց վրա հարձակվեին), խաղաղ լուծման դեպքում կնքվում էր պայմանագիր, որի խախտման դեպքում Ադրբեջանը ստիպված կլիներ գործ ունենալ ոչ միայն Արցախի ու Հայաստանի, այլև լուծման երաշխավոր հանդիսացող երկրների հետ:

Համեմատեք սա այն իրադրության հետ, երբ աղետի շեմին հայտնվելուց հետո Նիկոլ Փաշինյանն աղերսագիր ուղարկեց Պուտինին օգնության խնդրանքով, որին ի պատասխան ռուսներն ասացին, որ Հայաստանի սահմանները պաշտպանելուց զատ նրանք այլ պարտավորություններ չունեն։

Բայց, չնայած այս ամենին, մեզ մատուցվեց այն առասպելը, որ տարածքները զիջելուն պես ադրբեջանցիները Երևան են մտնելու, իսկ չզիջելու դեպքում՝ վախենալու բան չկա, որովհետև, դե, արդեն գիտեք` տարածաշրջանի ամենահզոր բանակ և այլն, ու, իհարկե, ռուսները մեզ կպաշտպանեն, չնայած ռուսները, փաստորեն, մեզ հակառակն էին ասում»,- բացատրում է քաղաքագետը:

Ըստ Արման Գրիգորյանի, սակայն, «դագաղի վերջին մեխը» տգիտությունն ու նյութական իրականության արմատական մերժումն է:

«Վերջին մի երկու տասնամյակում մի շատ հետաքրքիր բան է տեղի ունեցել Հայաստանում՝ հայոց պատմության կենտրոնական ֆիգուր է դարձել Գարեգին Նժդեհը։

Դա, իրականում, շատ հետաքրքիր շրջադարձ է, որովհետև, իսկապես, ակնհայտ չէ, թե ինչով է այդ դերին արժանացել նա։ Այնպես չէ, իհարկե, որ նա հայրենիքին մատուցած ծառայություններ չունի։

Վստահաբար ունի, բայց նույն ժամանակաշրջանի ուրիշ գործիչներ կան, հայրենիքին ոչ պակաս կարևոր ծառայություններ մատուցած, ասենք` Անդրանիկը կամ Մովսես Սիլիկյանը, որոնց համբավը նույնիսկ մոտ չի գալիս Նժդեհի՝ վերջերս ձեռք բերած համբավին։

Նժդեհի գրավչությունը նրա երկրպագուների համար, իրականում, նրա խոհափիլիսոփայության մեջ է, ոչ թե ծառայությունների։ Իսկ նրա խոհափիլիսոփայության գրավչությունը նյութական իրականության ու դրա սահմանափակումների կտրական ու արմատական մերժումն է։

Կամքի, հաղթանակի հավատի, ոգու մասին նրա աֆորիզմներն են նրա երկրպագուներին գրավում։ Նման հայտարարությունները միշտ գրավիչ են մարդկանց համար, որոնք ոչ մի կերպ չեն ուզում հաշտվել իրականության պարտադրած դաժան սահմանափակումների հետ։

Դրանք նաև սովորաբար գրավիչ են դժվար բաների մասին մտածել չսիրող մարդկանց համար։ Ամեն ինչ այնքան հեշտ է ու գրավիչ»,- ասում է Գրիգորյանը:

Ըստ նրա՝ մարդիկ համարում են, որ կարիք չկա նստել մտածել, թե, օրինակ՝ եթե մենք տեսնում ենք հակառակորդի հետ մեր ռազմական բյուջեների զարհուրելի տարբերությունն ու մեր դիրքորոշման նկատմամբ նվազող միջազգային համակրանքը, մենք կարիք չունենք մտածելու, թե արդյոք դա հետևանքներ պե՞տք է ունենա մեր հավակնությունների ու դիվանագիտական վարքագծի վրա։ Մենք պարզապես կարող ենք խոսել հաղթանակի նկատմամբ հավատի, կամքի, ոգու մասին, ինչին ոչինչ հակադրել հնարավոր չէ:

«Սրանք բոլորը միֆոլոգիական, հակամատերիալիստական մտածողության դրսևորումներ են։ Եվ դրանք միայն ինչ-որ տաքարյուն ու դեռ չտաշված ուղեղներով ջահելների խնդիր չեն։

Այդպես են մտածում ու բանավիճում չափից ավելի շատ մարդիկ։ Այդպես է մտածում Հայաստանի պետական ռադիոն։ Այդպես էր մտածում նաև Հայաստանի վարչապետը, երբ հայտարարում էր, որ Սարդարապատում հայկական կողմի հաղթանակը բացառապես հաղթանակի նկատմամբ հավատի արդյունք էր։

Այդպես էր մտածում նա, երբ պնդում էր որ հաղթանակներն ու պարտությունները սուբյեկտիվ ընկալումներ են, ոչ թե օբյեկտիվ փաստերով սահմանելի իրողություններ (դա էր նշանակում պատերազմի առաջին օրերին արած նրա կոչը` պայմանավորվել, որ երբեք պարտություն չենք ընդունելու, ինչ էլ լինի)։

Այս ամբարտավան ու տգետ աղմուկի մեջ խեղդվում է ամեն բանականն ու ռացիոնալը։ Այս ամբարտավան տգիտությունը շատ կարևոր պատճառ էր, որ մենք պարտվեցինք Ղարաբաղյան երկրորդ պատերազմում»,- ասում է Արման Գրիգորյանը:

Սոնա Մարտիրոսյան

MediaLab.am