«Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի». Ռուբեն Սաֆրաստյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը

Ինչպե՞ս եք գնահատում նախօրեին Ալիևի հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ չէ խաղաղության պայմանագիր ստորագրելու, թեև ընտրություններից առաջ հայտարարում էր, որ ընտրություններից հետո դա տեղի կունենա: Ձեր կարծիքով՝ նման հայտարարությունների տակ կա՞ն ռազմական գործողությունների վերսկսման վտանգներ:

– Ակնհայտ է, որ վտանգներ կան։ Ինչպես հռետորաբանությունն է վկայում, այնպես էլ անընդհատ տեղի ունեցող զորավարժությունները, Թուրքիայի հետ ռազմական համագործակցությունն ավելի ընդլայնելու և խորացնելու որոշումները, այն, որ որոշում է ընդունվում Ադրբեջանում բանակի թվաքանակն ավելացնելու, նոր զենքերով համալրելու մասին։

Ադրբեջանը շարունակում է իր ագրեսիվ քաղաքականությունը մեր տարածաշրջանում և այդ ագրեսիվության թիրախը տեղափոխում է Հայաստանի ուղղությամբ։

Ամեն ինչ վկայում է այն մասին, որ ինչպես իրական գործողությունների, այնպես էլ հռետորաբանության մակարդակով Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։

Ալիևը նաև ասել է, որ պատերազմի ժամանակահատվածն արդեն անցյալում է։ 

– Եթե նա ասեր, որ կա ռազմական գործողությունների խնդիր, նշանակում է, որ պատերազմ է հայտարարում, բայց ակնհայտ է, որ ներկա փուլում Ադրբեջանը Հայաստանին պատերազմ հայտարարելու մտադրություն չունի, դեռևս գնում է պատերազմի նախապատրաստում։ 

– Նա նաև հայտարարել է, որ Ադրբեջանին են պատկանում Սևանը, Երևանը և Զանգեզուրը։ Այսպիսի հռետորաբանությունը ի՞նչ նպատակ է հետապնդում։

– Առաջին անգամ չէ, որ Բաքվից ամենաբարձր մակարդակով այդպիսի հայտարարություններ են հնչում։ Բազմիցս նշել եմ, որ սա հռետորաբանություն է, ցնորք է, բայց դրան չպետք է անլուրջ մոտենանք, որովհետև այդ հռետորաբանությունը նախապատրաստում է ապագայում Ադրբեջանի՝ Հայաստանի Հանրապետության դեմ ագրեսիվ պատերազմի սանձազերծման, որովհետև կլինի հետևյալ կարգախոսի ներքո՝ ազատագրում ենք հայերի կողմից օկուպացվող տարածքները։

Այնպես որ, պետք է լուրջ վերաբերվել այս հայտարարություններին։

Այս հայտարարությունները հնարավո՞ր է ներքին սպառման համար են, քանի որ Ադրբեջանում չեն դադարում բողոքի ակցիաները։

– Ես չեմ կարծում, որ սա ներքին սպառման համար է, կարծում եմ, ընդհակառակը, սա ուղղված է արտաքին աշխարհին, հռետորաբանության մակարդակով տեղի է ունենում նոր և ագրեսիվ պատերազմի նախապատրաստում Ադրբեջանի կողմից ՀՀ-ի դեմ, որի թիրախը պետք է լինի Սյունիքը։

Ինչ վերաբերում է ակցիաներին, ես Ադրբեջանի ներքին քաղաքականության մասնագետ չեմ, ես առաջին հերթին գնահատում եմ որպես Ադրբեջանի արտաքին քաղաքականության անբաժանելի մաս։

Այս պարագայում հայկական կողմի անելիքը ո՞րը պետք է լինի։

– Իմ համոզմամբ՝ առաջին հերթին մենք պետք է ուժեղացնենք մեր սահմանները, պետք է մեր բանակը վերականգնենք, ուժեղացնենք անվտանգության համակարգը, մեր դաշնակիցների հետ ավելի սերտ համագործակցենք, պետք է նոր դաշնակիցներ փնտրենք, պետք է աշխարհին ցույց տանք, որ մենք խաղաղասեր ժողովուրդ ենք, միաժամանակ թույլ չենք տա, որ մեզ թուլացնեն, նսեմացնեն։

Մենք պետք է վերականգնենք միջազգային ասպարեզում մեր հեղինակությունը, այսինքն՝ անելիքները շատ են։ Եվ մեր ադրբեջանագետները, միջազգայնագետները, հայագետները պետք է այս ամենին արդեն պատմագիտական մակարդակով պատասխան տան։

Ստացվում է՝ 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի «ախորժակն» ավելի՞ է բացվել։

– Այստեղ ես դիտարկում եմ Ալիևի քաղաքականությունը ոչ թե որպես ինքնուրույն քաղաքականություն, այլ Թուրքիայի քաղաքականության մի մաս տարածաշրջանում։ Թուրքիան չի հանգստանում, շարունակելու է իր քաղաքականությունը մեր տարածաշրջանում՝ օգտագործելով նաև Ադրբեջանը։

Իսկ Թուրքիայի տարածաշրջանային նպատակներն են՝ առաջին հերթին տարածաշրջանը դարձնել հնարավորինս իրեն հպատակ մի տարածաշրջան, երկրորդ՝ հնարավորինս թուլացնել Հայաստանը։ Եվ մեր տարածաշրջանում Ադրբեջանը մաս է կազմում թուրքական մեծ ռազմավարության։

Մանե Հարությունյան

MediaLab.am