Ոստիկանությունը «կարողացել է պարզել» վաղուց պարզվածը

Ոստիկանությունը «կարողացել է պարզել» վաղուց պարզվածը
Ոստիկանությունը «կարողացել է պարզել» վաղուց պարզվածը

Ոստիկանությունը մայիսի 17-ին կարճ զեկույցով հանդես եկավ՝ նշելով Երևանի Ավան վարչական շրջանում ապրիլ ամսին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հնարավոր մասնակիցների անուն ազգանունների առաջին տառերը: Հակիրճ ներկայացվեց նաև միջադեպի նկարագիրը:

Ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես ասված էր. «Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են մի խումբ անձինք, ովքեր ենթադրաբար կատարել են վերոհիշյալ հանցագործությունները, մասնավորապես՝ Երևան քաղաքի բնակիչներ Ա. Մ.-ն, Ա. Ե.-ն, Ս. Ղ.-ն, Գ. Ղ.-ն, Ա. Գ.-ն, Ա. Վ.-ն, Գ. Ա.-ն, Ա.Ա.-ն, Ս. Հ.-ն, Վ. Ս.-ն, Ս. Ս.-ն, Ա. Մ.-ն:

Վերջիններիս տվյալները տրամադրվել են նախաքննական մարմնին՝ անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար»: Առաջին հայացքից անուն ազգանունների հապավումները ոչինչ չեն ասում ենթադրյալ հանցանքը կատարած անձանց ով լինելու մասին: Սակայն «Հայկական ժամանակ» օրաթերթն իր մայիսի 19-ի համարում հրապարակել է նշված անձանց անուն ազգանուններն ու զբաղեցրած պաշտոնները: Նրանք են՝

Ա. Մ.- Արման Մակարյան՝ Երևանի կենդանաբանական այգու փոխտնօրեն. վերջինս քավոր-սանիկական հարաբերությունների մեջ է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ: Նա և նրա առանց պետհամարանիշի Տոյոտա մեքենան գտնվել են Ավանում՝ դեպքի վայրում:

Ա. Մ.- Առնակ Մանուչարյան. Ավանի «Նարեկ» համատիրության նախագահ. ապրիլի 22-ին եղել է հանցավոր խմբի մեջ:

Ա. Ե.- Արմեն Երեմյան. «Միլենա» տաքսի ծառայության սեփականատերերից է՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմ ընկերը:

Ս.Ղ.- Սամվել Ղումաշյան. Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

Գ.Ղ.- Գրիգոր Ղումաշյան. վերջինս Սամվել Ղումաշյանի որդին է: Նա Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակից է: Ապրիլի 22-ին հոր՝ Սամվել Ղումաշյանի հետ եղել է Ավանում՝ Տարոն Մարգարյանի առանձնատան դիմաց:

Ա. Գ.- Արթուր Գասպարյան. Ավան վարչական շրջանի աշխատակազմի աշխատակից է, գլխավոր մասնագետ: Վերջինս մի պահ հայտնվել է երթի մասնակիցների մեջ, ապա գնացել Տարոն Մարգարյանի առանձնատան մոտ և վերջում արդեն բժշկական դիմակով ճանապարհը փակած խմբի շարքերում էր: Ողջ գործընթացի ժամանակ Արթուր Գասպարյանի հետ է կապույտ գույնի սպորտային համազգեստով մի երիտասարդ, ում ինքնությունը դեռ հայտնի չէ:

Ա. Վ.- Արմեն Վարդումյան. Ավանի պոլիկլինիկայի գլխավոր բժիշկ. վերջինս խմբի մեջ է եղել:

Գ. Ա.- Գեղամ Անտոնյան. Նա երևում է խմբի համատեղ լուսանկարներից մեկում՝ պատկերված սպորտային և զինվորական հագուստով:

Ա.Ա.- Արթուր Աղաջանյան. Հանրապետական կուսակցության անդամ է մոտ մեկ ամիս առաջ զբաղեցնում էր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի օգնականի պաշտոնը։

Ս. Հ.-ն- Սերգո Հայրապետյան. ըստ մամուլում հրապարակված տվյալների՝ հանցավոր խմբի անդամների հավաքագրման գործընթացին մասնակից է եղել ՀՀԿ-ի Ավանի երիտասարդական կազմակերպության ղեկավար Սերգո Հայրապետյանը:

Վ. Ս.- Վրուլ Սարգսյան. Վերջինս Տարոն Մարգարյանի ավագ որդու ընկերների շրջապատից է:

Ս. Ս.- Սուրեն Սաֆարյան. Նա Ավան վարչական շրջանի աշխատակազմի եկամուտների հավաքագրման բաժնի գլխավոր մասնագետ է. Ավանում նույն խմբի անդամ է եղել:

Զարմանալի պատահականությամբ այդ անձինք նույն այն մարդիկ են, որոնց վերաբերյալ մենք երկու հրապարակում ենք ունեցել (Հրապարակում 1-ին և հրապարակում՝ 2-րդ):

Այսինքն, ոստիկանությունը, ունենալով քաղաքացիներին նույնականացնելու մի ողջ զինանոց, կարողացել է «պարզել» բացառապես այն անձանց տվյալները, որոնց մենք դեռ մեկ ամիս առաջ էինք պարզել:

Աղբյուրը՝ sut.am