Արցախի ԱԱԾ-ի հորդորը քաղաքացիներին

Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ վերջին շրջանում Արցախի Հանրապետության քաղաքացիները տարբեր երկրներից ստանում են հեռախոսազանգեր, որոնց միջոցով զանգահարողները ցանկանում են երկրում տիրող իրավիճակի, անվտանգային հարցերի, շրջափակման հետևանքների ու հումանիտար վիճակի, քաղաքական իրավիճակի, ինչպես նաև անձնական բնույթի տեղեկատվություն ստանալ։

«Խնդրում և հորդորում ենք զերծ մնալ Արցախի Հանրապետության ներքին ու արտաքին անվտանգությանն առնչվող հարցերի շուրջ հրապարակային քննարկումներից, տեղեկատվություն տրամադրելուց և տեղեկատվության հավաքագրում հետապնդող հարցեր կամ զանգեր ստանալու դեպքում դիմել Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարել թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,- նշված է Արցախի ԱԱԾ հաղորդագրությունում: