«Մենք լսում ենք գովք, բայց ես ուրիշ դեպքեր գիտեմ, հիմա ստացվում է, որ կեղծ տեղեկությո՞ւն ենք տալիս». Սաթիկ Սեյրանյանը՝ մամուլի սահմանափակումների մասին

Սաթիկ Սեյրանյանը (Լուսանկարը՝ «Ֆոտոլուր»)

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը

– Տիկի՛ն Սեյրանյան, ինչպե՞ս եք գնահատում արտակարգ դրության շրջանակներում մամուլի համար սահմանված սահմանափակումները։ Մասնավորապես, սահմանված է, որ կորոնավիրուսի վերաբերյալ մամուլում ու սոցցանցերում պետք է միայն պաշտոնական տեղեկություն հրապարակվի։

– Նախ իշխանությունները մինչև հիմա չեն կարողանում ձևակերպել, թե ինչպե՛ս են դա պատկերացնում։ Լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ կառավարությունում հանդիպում է եղել, բայց հստակ պատասխաններ չեն եղել։ Միգուցե պատճառն այն է, որ շատ հապճեպ որոշում են կայացրել, իրավաբաններն ասում են նաև, որ կառավարությունը դրա իրավունքը չուներ՝ Սահմանադրության ու օրենքների խախտումներով են դա արել։

Բայց հիմա փաստը մնում է փաստ, որ նրանք չեն կարողանում ձևակերպել։ Մարդիկ պետք է հաղորդո՞ւմ փակեն, կամ միգուցե կհայտարարեին, որ այսուհետ միայն Հանրային հեռուստաընկերությունն է աշխատում, կամ պետական ու իրենց կից լրատվամիջոցները։ 

Նույնիսկ իրենց խոսնակներն են հակասական տեղեկատվություն տալիս՝ ինչպե՞ս աշխատեն լրատվամիջոցները։ Ձևակերպված չէ, և չեմ կարծում, որ կկարողանան ինչ-որ զսպող գործիքակազմ կիրառել։ 

Միակողմանի ինֆորմացիա՞ է տրվելու։ Եթե որևէ լրատվամիջոց ներկայացնում է, որ այսինչ խանութում դարակաշարերը դատարկված են, դա նշանակում է՝ օրե՞նք ենք խախտում։ 

Այսինքն՝ ստացվում է, որ լրատվամիջոցները պետք է իրականությունը չասե՞ն։

– Դուք մասնակցե՞լ եք կառավարությունում տեղի ունեցած հանդիպմանը։

– Ես չեմ մասնակցել, մեր ներկայացուցիչն է մասնակցել, և դրանից հետո խմբագիրներն են զանգել, փորձում ենք քննարկել, հասկանալ, թե ոնց կազմակերպենք աշխատանքը, որովհետև շատ բարդ իրավիճակում ենք։ 

Ամենակարևորն այն է, որ հենց կառավարությունում չգիտեն ինչպես ձևակերպել՝ ի՛նչն է խուճապ առաջացնում՝ իրականությունը ներկայացնե՞լը, թե՞ թաքցնելը։ 

Ստացվում է, որ նրանք ցանկացած ինֆորմացիա կարող են մանիպուլացնել, իրենց ցանկալի ուղղությամբ քարոզչական նպատակներով օգտագործել, իսկ լրատվամիջոցը չի՞ կարող իրականությունը ներկայացնել, որպեսզի խուճապ չառաջացնի։ 

Ի՞նչն է խուճապ առաջացնում. խուճապ առաջացնում են նման իրավիճակները, երբ չգիտեն՝ ի՛նչ են ուզում, ի՛նչ են անում, բայց ինչ-որ որոշումներ են կայացնում, որի տակ հստակ սկզբունքներ կամ օրենքներ նշված չեն։

– Դուք ընդհանրապես կո՞ղմ եք, որ արտակարգ դրության պայմաններում նման սահմանափակում կիրառվի, թե՞ մամուլը պետք է ազատ թողնել։

– Տեսեք, օրինակ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ չի հայտարարվել արտակարգ դրություն, բայց և՛ լրատվամիջոցներն են ավելի զգոն աշխատել, և՛ կազմակերպված է եղել լրահոսը։ 

Պաշտպանության նախարարությունից շատ արագ պատասխանում էին լրագրողների հարցումներին, որպեսզի լրատվամիջոցները շատ արագ կարողանային պաշտոնական աղբյուրից ճշտել որևէ ինֆորմացիա։ 

Բայց նույնիսկ այդ ժամանակ խնդիրներ լինում էին, աշխատանք է, կարող են նաև խնդիրներ լինել, հատկապես այդ տեմպի, ինֆորմացիոն պատերազմի պայմաններում։ Արտակարգ դրություն հայտարարված չէր, բայց բոլորը զգոնացան, հասկանում էին ամբողջ վտանգը, ինչպես այսօր։ 

Այսօր էլ բոլորը հասկանում են, սա անմիջապես բոլորի կյանքին առնչվող խնդիր է։ Հիմա ինչպե՞ս անենք, օրինակ, եթե ասում են՝ դիմակների գները այսքան են դարձել, և դեղատներում դիմակ չկա, մենք խուճա՞պ ենք առաջացնում, թե՞ ուշադրություն ենք հրավիրում, խնդիր ենք բարձրացնում։

– Ինչի՞ կարող է հանգեցնել այս չկանոնակարգված իրավիճակը։

– Ես չեմ կարծում, որ սա երկար կտևի, հատկապես որ տեսնում եմ, որ իշխանությունները սա օգտագործում են քարոզչական ու ինքնաքարոզչության նպատակներով։

– Վտանգ կա՞, որ կարող են ԶԼՄ-ների նկատմամբ սանկցիաներ կիրառվել։

– Նույնիսկ եթե կիրառվեն… Ինչքան ժամանակ է՝ աշխարհը խոսում է կորոնավիրուսի մասին, խոսում է վտանգների մասին, մասնագետներն են խոսում։ 

Ի՞նչ են ասում իշխանությունները, ասում են՝ խուճապ մի՛ առաջացրեք։ Ասում են՝ հանրաքվեն տապալելու համար, տեսեք, օգտագործում են կորոնավիրուսը, ինչ վատն են, ցածր բարոյականություն ունեն։ 

Բայց փաստ է, չէ՞, որ դա կա, փաստ է, չէ՞, որ ամբողջ աշխարհը հիմա դրա դեմ է պայքարում։ Փաստ է, չէ՞, որ տարբեր զարգացած երկրների կառավարություններ փորձում են հասարակության կյանքում սոցիալական լուծումներ առաջարկել՝ բանկային համակարգի, սոցիալական ապահովության ոլորտի վերաբերյալ։ 

Ես օրինակ կբերեմ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի քայլերը, դրանք հասարակությանն ուղղված գործիքներ են։ Նրանք չեն ասում՝ եկեք թաքցնենք, չխոսենք։

Բայց Հայաստանի իշխանություններն էլ կարծես չեն թաքցնում տեղեկատվությունը, ուղիղ եթերի միջոցով պարբերաբար տեղեկություններ են հաղորդում իրավիճակի վերաբերյալ։

– Այսինքն՝ ի՞նչ ինֆորմացիա են տալիս, լրագրողն էլ կարող է գնալ սուպերմարկետ, վարչապետն էլ կարող է գնալ։ Ինչո՞ւ պետք է վարչապետի գնացած սուպերմարկետում պատկերը ճիշտ լինի, իսկ լրագրողի ներկայացրածը՝ ոչ։ 

Ի՞նչ գիտեք, որ վարչապետն ընտրովի տեղ չի գնում։ Եվ լրագրողը, որը գնում է մոտակա սուպերմարկետ, փոքր խանութ կամ դեղատուն, ինչո՞ւ պետք է նրա տված ինֆորմացիան կեղծ ու սուտ լինի, ինչո՞ւ նա պետք է մանիպուլացնի։ 

Վարչապետը սոցիալական ցանցում իրեն գովաբանող տեքստ է դնում, հետո ջնջում է, դա ի՞նչ է, սա որպես ինքնաքարոզչություն է օգտագործվում։ Ես կարծում եմ՝ սա երկար չի տևի, լրատվամիջոցներն այսպես երկար չեն կարող աշխատել անորոշության մեջ։

Խմբագիրները գնացել են հանդիպման, եկել են, և բոլորը նույն բանն են ասում՝ իրենք էլ չեն հասկանում, թե ինչ են ուզում։ Պարզ չէ՝ որոշ հաղորդաշարեր պետք է թողնե՞լ, թե՞ փակել։ 

Եթե, օրինակ՝ որևէ փորձագետի կամ բժշկի հետ հարցազրույց հրապարակվի, եթե նույնիսկ նա քննադատի առողջապահության նախարարի գործողությունները կամ ներկայացնի, թե Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցում հիվանդների հետ ինչպես են վարվում, ի՞նչ է լինելու։ 

Մենք լսում ենք գովք, բայց ես ուրիշ դեպքեր գիտեմ, հիմա ստացվում է, որ մենք կեղծ տեղեկությո՞ւն ենք տալիս։ Ես այլ դեպքեր գիտեմ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցի վերաբերյալ, թե ինչպես են վարվել հիվանդների հետ, որը տարբերվում է որոշ պաշտոնյաների ֆեյսբուքյան գրառումներից ու ասածներից։ 

Օրինակ՝ ես գիտեմ, որ Արսեն Թորոսյանը գնացել է այնտեղ ու խուսափել է մոտենալ հիվանդներին։ Կամ, օրինակ՝ եթե որևէ տնտեսագետ խոսի, ասի, որ եթե կառավարությունն այս-այս գործողությունները չանի, տնտեսությունը փուլ կգա, դա կհամարվի հակաքարոզչությո՞ւն։

Ծրագրեր չկան, չեն կարողանում, չեն տիրապետում։ Ազգային ժողովի քննարկումները ձեզ օրինակ, բոլորը ինքնափիառվում են՝ հնարավորինս սրտաճմլիկ տեքստերով։ 

Չգիտեն՝ ինչ են ուզում անել, չգիտեն՝ ինչպես անել։ Դժվար օրեր են սպասվում, բայց պետք է դիմանանք։ Միգուցե այս խուճապը, որի մասին նրանք ասում են, լավ կողմեր ունի իր մեջ։ 

Մարդիկ նաև ինքնակազմակերպվում են ու հասկանում՝ շատ բան իրենցից էլ է կախված։ Այդ աղմուկն օգնեց, որ մարդիկ ինքնակազմակերպվեն, բայց մեղադրել էջմիածնեցի կնոջը կամ մեկ ուրիշի, սխալ է, երբ դու՝ որպես պետություն, պատասխանատվություն ես կրում։ 

Ինքնաթիռը եկավ այն երկրից, որտեղ վարակի օջախ կա, անմիջապես չպե՞տք է այդ մարդկանց տանեիր կարանտինային ռեժիմի։ Ինչո՞ւ եք թողնում մարդու վրա, ինչո՞ւ եք մեղավորությունը բարդում մարդկանց վրա։

Ռոզա Հովհաննիսյան

MediaLab.am