ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը հայտարարում է մրցույթ

Հայաստանի Հանրապետությունը` որպես «Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման մասին» եվրոպական կոնվենցիայի մասնակից պետություն, իրավասու է առաջադրելու Խոշտանգումների եւ անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովի անդամ:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում /ԵԽԽՎ/ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը հայտարարում է մրցույթ` Խոշտանգումների եւ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական հանձնաժողովում (CPT) Հայաստանի անունից անդամի թեկնածություններ ԵԽԽՎ-ին առաջադրելու համար:

Համաձայն ընթացակարգի` ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը պետք է Վեհաժողովին ներկայացնի երեք թեկնածություն, որոնցից կընտրվի մեկ անդամ:

Թեկնածուները պետք է գերազանց տիրապետեն ԵԽ պաշտոնական լեզուներից առնվազն մեկին (անգլերեն, ֆրանսերեն)` մյուս պաշտոնական լեզվի առնվազն պասիվ իմացությամբ: Ցանկալի է, որ ներկայացվի լեզվի իմացությունը հավաստող վկայագիր: Կից ներկայացված են թեկնածուների համար ներկայացված պահանջների, ընտրության ընթացակարգի, հանձնաժողովի գործունեությանն առնչվող փաստաթղթերի ցանկը: Լրացուցիչ տեղեկատվություն հնարավոր է ստանալ այցելելով http://www.cpt.coe.int կայքէջ:

Մրցույթին մասնակցել ցանկացողները պետք է ներկայացնեն ինքնակենսագրություն (CV)` ուղարկելով այն [email protected] էլեկտրոնային հասցեին: Կից ներկայացված է ինքնակենսագրության ձեւանմուշը, որը պետք է լրացվի անգլերենով կամ ֆրանսերենով: Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2023 թվականի հուլիսի 14-ը:

Մրցույթի նախնական (փաստաթղթային) փուլը հաղթահարած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության քարտուղար Կարինե Շիմշիրյանին հետեւյալ հեռախոսահամարով` 011 513-430: