ՌԴ-ն Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից

Ռուսաստանը Երևանին կոչ է անում չհեռանալ եռակողմ ձևաչափով աշխատանքից, իսկ Բաքվին՝ քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ։  

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երևանի գործունեության ընդհատումը բացասաբար է անդրադառնում տարածաշրջանում իրավիճակի վրա և հանգեցնում է հողի վրա իրավիճակի սրման։ Իսկ Բաքվին կոչ ենք անում  քայլեր ձեռնարկել Լաչինի միջանցքի ապաշրջափակման ուղղությամբ և Ղարաբաղի բնակչությանը Երևանի հետ քաղաքական տարաձայնությունների պատանդ չդարձնել»,- ասել է Զախարովան։

Նա նաև հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է աշխատանքը ՌԴ խաղաղապահների միջոցով՝ Լաչինի միջանցքի ամբողջական ապաշրջափակման համար և ակնկալում է, որ հայկական և ադրբեջանական կողմերը կկատարեն եռակողմ համաձայնագրով ստանձնած բոլոր պարտավորությունները:

«Այն նախկինի պես արդիական է»,- ավելացրել է Զախարովան։