«Ալիևը կա՛մ փախուստի է դիմելու, կա՛մ Ադրբեջանի ժողովուրդը նրա նկատմամբ դատաստան է տեսնելու». Հյուսնունց

«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է Արցախի Հանրապետության նախագահի գլխավոր խորհրդական – հատուկ հանձնարարություններով դեսպան Ռուդիկ Հյուսնունցը

– Մոսկվայում ձեռք բերված հումանիտար զինադադարի մասին պայմանավորվածությունը գործո՞ւմ է, թե՞ ոչ: Ստեփանակերտում այս պահին ի՞նչ վիճակ է: 

– Հարաբերական հրադադար է, բայց գիշերը 30-ից ավելի արկեր են արձակել քաղաքի վրա, այդ թվում՝ կասետային: Հարվածել են խոշոր տրամաչափի զենքերից, այդ թվում՝ «Սմերչով», «Պոլոնեզով», իսրայելական LOR-երով ռմբահարել են Ստեփանակերտը: Հիմա հարաբերական անդորր է, բայց հարավային հատվածում մարտեր են ընթանում: Կարծում եմ՝ հրադադարի ռեժիմը մասամբ է գործում:

– Արցախի նախագահն առավոտյան հայտարարեց, որ եթե Ադրբեջանը շարունակի այս մարտավարությունը և շարունակի խախտել հրադադարը, ապա Արցախի իշխանությունները կդիմեն ՀՀ իշխանություններին Արցախի ճանաչման համար: Ընդհանրապես ի՞նչ ակնկալիքներ կան Արցախի միջազգային ճանաչման առումով:

– Արցախի նախագահը հայտարարել է, որ ոչ միայն Հայաստանին կդիմի, այլև համայն քաղաքակիրթ աշխարհին, որովհետև մեր գոյությունն Ադրբեջանի հետ վտանգված է: Նրանք առավելապաշտական քաղաքականություն են վարում, և, կարծում եմ՝ այս պարագայում որևէ առաջընթաց բանակցությունների առումով չի սպասվում: 

– Ադրբեջանական մամուլն անընդհատ խոսում է իրենց հաղթանակների մասին՝ Ջաբրայիլը, Հադրութը գրավելու մասին: Ի՞նչ կարող եք ասել այս մասով: 

– Այսօր Ալիևների կլանը խնդիր ունի ամեն կերպ պաշտպանելու իրենց ունեցվածքը, իրենց իշխանությունը և կեղտոտ տեխնոլոգիաներով թյուրիմացության մեջ է գցում իրենց ժողովրդին: 

Ամբողջ խնդիրը դա է, որ ամբողջությամբ ձախողում են թե՛ բանակցությունները, թե՛ պայմանավորվածությունները: Բայց Ադրբեջանի ժողովուրդը շատ շուտով կհասկանա, թե այդ թնջուկը որտեղ է թաղված, և իրենք իրենց խնդիրները կլուծի: Ի վերջո, նրանք մեզնից տասնապատիկ ավելի կորուստներ ունեն թե՛ մարդկային, թե՛ տեխնիկայի: 

– Կարո՞ղ ենք արձանագրել, որ ադրբեջանական ողջ քարոզչությունը հիմնված է ստի ու կեղծիքի վրա:

– Այո՛, իրենք իրենց տեխնոլոգիաներով ստի ու կեղծիքի վրա են կառուցում իրենց քաղաքականությունը: Նրանք մի սուտը ծածկում են մեկ ուրիշ ստով և շարունակում են իրենց կեղտոտ քաղաքականությունը, որը բերում է երկուստեք մարդկային զոհերի ու կորուստների: 

Կարծում եմ՝ ի վերջո, միջազգային հանրությունը և Ադրբեջանի ժողովուրդը պետք է անդրադառնան այս խնդրին: Ես մի անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ Ալիևին եթե կարողանաք ողջ գտնել, գտնելու եք Անկարայի կամ Ստամբուլի մատույցներում: 

Ես սպասում եմ, որ նա փախուստի է դիմելու միջազգային հանրությունից, քանի որ կանգնելու է Հաագայի դատարանի առջև, կամ Ադրբեջանի ժողովուրդը նրա նկատմամբ դատաստան է տեսնելու: 

– Ինչի՞ վրա է դրել իր հույսը Ալիևը, երբ հայտարարում է, թե Հադրութը գրավել են, թե ինքը պատրաստվում է այցելել այնտեղ: 

– Տեսեք, օրինակ՝ Մատաղիսի հատվածում չեզոք գոտին իրենք չեն կարողացել գրավել, մերոնք կարողանում են մտնել այդ հատված: Մերոնք լեռների վրա կառուցել ենք պաշտպանական մեր գիծը, նրանք էլ են լեռների վրա, բայց նրանք հրավառություն են անում, հաղթանակներ են տոնում:

Դա կեղծիքների շարքի շարունակությունն է, որը, ի վերջո, ջրի երես պետք է դուրս գա, և նրանք այդ կեղծիքների համար պետք է պատասխան տան: Այդ օրը շատ մոտ է:

Մանե Հարությունյան

MediaLab.am