«Իրենք թշնամի պետության պահանջներն են կատարում». Դավիթ Գալստյանը՝ Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկության մասին

Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանի պաշտոնանկությունը Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը համարում է կա՛մ ներքին տարաձայնությունների, կա՛մ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպման հետևանք։

«Երբ Ռուբեն Վարդանյանին պաշտոնի էին նշանակում, մեր կարծիքը չեն հարցրել, և մենք միշտ էլ ասել ենք, որ պետնախարարի պաշտոնը ենթադրում է իրականացնել Արայիկ Հարությունյանի քաղաքականությունը։ Երևի ինչ-որ տեղ տարաձայնություններ են եղել Վարդանյանի ու Հարությունյանի միջև, կամ այս որոշումը հետևանք է Նիկոլ Փաշինյան-Ալիև վերջին հանդիպումից հետո ձեռք բերված պայմանավորվածությունների»,- «Մեդիալաբին» ասում է ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։

Արցախի նախագահը, սակայն, ժամեր առաջ հրապարակված հայտարարության տեքստում չի մանրամասնել, թե ինչու է պաշտոնից հեռացնում Ռուբեն Վարդանյանին, միայն ընդգծել է, որ իրենց միջև որևէ տարաձայնություն չկա, ու հավելել․ «Գիտակցելով Արցախի ու մեր ժողովրդի հանդեպ պատասխանատվությունը և Արցախը զարգացնելու և առաջիկա մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ լինելն ապահովելու փոխարեն մեր բոլորիս և պետության, առանց փակագծեր բացելու, բոլոր առումներով դիմադրողականությունը չսպառելու համար՝ որոշում եմ կայացրել Ռուբեն Վարդանյանին ազատելու պետական նախարարի պաշտոնից: Քանի որ գրեթե չորս ամիս առաջ ես ինքս եմ նշանակել պարոն Վարդանյանին պետական նախարարի պաշտոնում, ապա պետք է ընդգծեմ, որ այն ժամանակվա և ներկա իրավիճակները մեծապես տարբերվում են և՛ արտաքին, և՛ ներքին առումներով»։

Հավելենք նաև, որ տևական ժամանակ է, ինչ շրջանառվում էին Ռուբեն Վարդանյանի հնարավոր հրաժարականի կամ պաշտոնանկության մասին լուրերը: Դրանք կրկին ակտիվացան վերջին օրերին, երբ Մյունխենում կայացած Փաշինյան-Ալիև պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի ղեկավարը կրկին անդրադարձավ Ռուբեն Վարդանյանի անձին ու ընդգծեց, որ «նա պետք է հեռանա զբաղեցրած պաշտոնից»։

«Եթե Արցախի ու Հայաստանի իշխանությունները, առանց լուրջ հիմնավորման կադրային քաղաքականություն են իրականացնում, ապա դա խոսում է այն մասին, որ իրենք թշնամի պետության պահանջներն են կատարում։ Իրենք այլևս չեն կարող իշխանություն կոչվել, քանի որ որոշումներն ինքնուրույն չեն կայացնում, այլ՝ ճնշումների տակ, օր առաջ պետք է ազատվել նման իշխանությունից»,- ասում է Դավիթ Գալստյանը։

Թե ինչպե՞ս են պատրաստվում օր առաջ ազատվել այդ իշխանություններից, որոնք, պատգամավորի դիտարկմամբ՝ թշնամի պետության պահանջներն են կատարում, Գալստյանը չմանրամասնեց, նշելով, որ ժամանակ չունի հավելյալ մեկնաբանություն տալու համար։

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am