Երևանի «Ոսկե ծիրան» 20-րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն է ճապոնացի ռեժիսոր, դերասան, կատակերգու, սցենարիստ, նկարիչ, հեռուստահաղորդավար, բանաստեղծ, Վենետիկի կինոփառատոնի «Ոսկե առյուծ» մրցանակի դափնեկիր Տակեշի Կիտանոն։

Ինչպես տեղեկանում ենք կինոփառատոնի տարածած հաղորդագրությունից, փառատոնի ընթացքում տեղի կունենա Կիտանոյի հետ հանդիպում, կցուցադրվի վարպետի վերջին ֆիլմը Կաննի 76-րդ կինոփառատոնից, ինչպես նաև Ոսկե ծիրանի պատվավոր հյուր՝ բրիտանացի պրոդյուսեր Ջերեմի Թոմասի հետ միասին կներկայացնեն Նագիսա Օշիմայի «Ուրախ Սուրբ ծնունդ, միստր Լորենս» ֆիլմը՝ Դեյվիդ Բոուիի մասնակցությամբ՝ որպես Կիտանոյի առաջին մեծ դերը կինոյում և որպես հարգանքի տուրք կոմպոզիտոր Ռյուիտի Սակամոտոյին։
Տակեշի Կիտանոյին կշնորհվի «Փարաջանովյան թալեր» պատվավոր մրցանակը կինոյում ունեցած անգնահատելի ավանդի համար։